1in.am-ը գրում է.

Գերմանական առաջատար գարեջրագործական ընկերությունները մոտ 20 տարի գտնվում են դավադրության մեջ. ամեն անգամ գարեջրի գնի բարձրացումից առաջ նրանք բոլոր մանրամասները քննարկել են միմյանց հետ: Այս մասին հայտնում է «Ֆոկուս» ամսագիրը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված Կարտելների վերահսկողության դաշնային գերատեսչության 100 էջանոց զեկույցին:

Պարբերականի տվյալներով՝ Veltins ընկերության վաճառքի բաժնի ղեկավար Ֆոլկեր Կուլն այս տարվա հունվարի 31-ին տեղի ունեցած հարցաքննության ժամանակ խոստավանել է, որ պաշտոնում իր գտնվելու 17 տարիների ընթացքում առաջատար գարեջրագործական ընկերությունները միշտ համաձայնեցրել են իրենց գործողությունները հանդիպումների ընթացքում կամ հեռախոսով այնուհետև համապատասխան պլանների մասին հայտնել միջին և փոքր ընկերություններին: 

Հակամենաշնորհային զեկույցում հիշատակվում են նաև այնպիսի հայտնի արտադրողներ, ինչպիսիք են Krombacher-ը, Karlsberg-ը, Bitburger-ը, Warsteine-ը, Radeberger-ը և այլն: 

Դավադրության մեջ համապատասխան մարմինները կասկածում են 11 խոշոր գերմանական ընկերությունների: Հակամենաշնորհային գերատեսչության տվյալներով՝ նրանք 2006-2008 թվականներին համակարգել են իրենց գնային քաղաքականությունը: Այժմ դավադիրներին մեծ տուգանքներ են սպառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել