Մարդկային կյանքը միանշանակ չէ։ Յուրաքանչյուրին հանկարծ կարող է թվալ, որ պուրակի ծառերը աճում են գլխիվայր, որ շենքերը կանգնած են ծխնելույզների վրա, որ դռները տանում են խավար անհայտություն, և որ ամպերը իջել են գետին, ու նրանց փոխարեն մեր գլխին կախված է ասֆալտի սև զանգվածը։ Ահա այս պահը ծաղրածուի համար է։ Նա գալիս է, կանգնում գլխիվայր, հսկա կոշիկները բարձրացնում է վեր, հրում է ու… ամեն ինչ իր նախկին տեղում է. ամպերը երկնքում են, տան դռները տանում են այգի կամ փողոց, իսկ գետինը մեր ոտքերի տակ է:
Ծնվել եմ Մոսկվայում 1935թ. մարտի 15–ին: Սիրում եմ ծով, աշուն, Վինսենթ Վան Գոգին: Վախենում եմ… բարեկեցությունից: Ինձ համար կյանքում գլխավորն ամեն կատարվածի համար պատասխանատու լինելն է…
Մարդը հաճախ երազում է ունենալ այն, ինչ չունի: Մանկությանս տարիներին մեր ընտանիքում, երբ դեռ բոլորս միասին էինք ապրում, ես տարբերվում ու աչքի էի ընկնում հումորի կատարյալ բացակայությամբ, ինչն էլ հետագայում էապես ազդեց մասնագիտությանս ընտրության վրա: Երկար տվայտանքներից հետո ընդունվեցի կրկեսային ուսումնարան, կլոուինադայի բաժինը: Մեր հին ու բարի ուսումնարանը այնքան լուսավոր չէր, ինչպես հիմա, բայց դրանից մեր սերը չէր պակասում:
Մարդուն իզուր տեղը, հենց այնպես պետք չէ նեղացնել, որովհետև դա շատ վտանգավոր է: Իսկ եթե հանկարծ նա Մոցա՞րտ է: … Դուք նրան կնեղացնեք, և նա, ընդհանրապես, ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, հետո՝ մյուսը, և աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, իսկ դա նշանակում է՝ կպակասեն և լավ մարդիկ: … Դուք այնպիսին եք, ինչպիսին՝ նա: Պահպանե՜ք միմյանց, մարդի՜կ:
Երբ ստեղծում էի իմ ծաղրածուական կերպարը, ինձ հաջողվեց նրան օժտել մարդկային հատկություններով՝ ի տարբերություն մեր տեսած ծաղրածուական դիմակներից շատերի։ Շատերի ասելով նկատի չունեմ ծաղրածուական լավագույն դիմակները, ինչպես, ասենք, Գրոկինը կամ Չապլինինը։ Սրանք մարդկային բնավորություն ունեցող դիմակներ էին։ Իսկ ծաղրածուների կաղապարային դիմակներում բացակայում է մարդկային բնավորությունը, հետևաբար, նաև թախիծը։ Նման դիմակներում կա միայն հերթապահ ծիծաղ, լավատեսություն՝ ամեն դեպքում։ Հետևաբար, չկա մարդը։ Իմ հերոսը մարդ է։ Այդ պատճառով ծիծաղում է, տառապում, թախծում և իրեն պատասխանատու զգում շուրջը կատարվող ամեն ինչի համար:
Ճշգրիտ հիշում եմ։ 1961 թվականի ապրիլի 22-ն էր։ Անձրևախառը ձյուն էր գալիս, իսկ ես գնում էի Մոսկվայի հին կրկես, իմ առաջին մեծ ներկայացմանը։ Հանկարծ տեսա կրկեսի ազդագիրը և հայացքս գամվեց հսկա տառերով գրված իմ ազգանունին։ Հուզվեցի ու հեկեկալով շարունակեցի ճանապարհս։ Անհասանելի թվացող երազանքս իրականացել էր։ Արցունքներս գլորվում էին, իսկ ես արդեն հանդերձարանում էի։ Նայեցի հայելուն ու սարսափեցի՝ արտասվող ծաղրածո՞ւ։ Ի՞նչ արցունք, ի՞նչ բան. դու կկորցնես տարիներով երազած հնարավորությունը։ Հետո չգիտեմ ինչ եղավ։ Գիտակցությունս տեղը բերեցին ծափահարող հանդիսականները։ Հիշեցի, որ «Բռնցքամարտն» եմ ցուցադրել։ Լավ թե վատ, չգիտեմ, բայց ինձ հասկացել էին։ Բոլորը խանդավառված էին, բոլորի դեմքին ժպիտ կար։ Միայն մեկն Էր լաց լինում, չորրորդ կարգում նստած մի կին՝ մայրս:
Ծաղրածուն ինքն է իր հերոսի հեղինակը։ Բայց ինչի՞ց սկսել։ Իմ առաջ ծառանում էին ամենատարբեր հարցեր։ Օրինակ, ասենք, իմ հերոսը ունենալու է ծաղրածուական շպար։ Ես մտովի ընտրում էի հանրահայտ ծաղրածուների շպարներն ու դիմակները։ Ինձ հատկապես գրավում էր Գրոկի դիմակը՝ սպիտակ դեմք և ճաղատ գլուխ, մանավանդ Մարսել Մարսոյի շնորհիվ սպիտակ շպարը մոդայիկ էր դարձել։ Բայց ծանրութեթև անելուց հետո հրաժարվեցի շպարվելու մտքից ու որոշեցի իմ հերոսին կոչել Լեոնիդ Ենգիբարյան ու հենց ինձ ներկայացնել։ Իմ հերոսը լինելու էր տասնութ-քսան տարեկան տղա, որի կենսագրությունը որոշ չափով նման է իմին։ Նա ևս ծնվել ու հասակ է առել մեծ քաղաքում, և ինչ-որ չափով խամրել են նրա վառ արտահայտված ազգային գծերը, թեև նա ծագումով ակնհայտորեն հարավցի է։ Ես ջանում էի լավ հասկանալ, թե ի՞նչ մարդ է իմ հերոսը, ի՞նչ է սիրում և ի՞նչ չի սիրում, ինչո՞վ է ապրում, ի՞նչ հակումներ ու աշխարհայացք ունի։ Ես նրան օժտեցի մանկական հետաքրքրասիրությամբ և հարցասիրությամբ։ Այդ հետաքրքրասիրությունը նրան հաճախ մղում է չմտածված քայլերի, որը մեծացնում է ծիծաղելի թյուրիմացությունների հնարավորությունը։ Բայց հերոսի բնավորության կոմիկական գիծը հարկավոր էր խորացնել։ Ուրեմն նա համեստ մարդ է լինելու և կրկեսային բոլոր համարները կրկնելու է՝ նշանակություն չտալով իր արածին։ Իմ ապագա հերոսի բնավորությունը կամաց–կամաց պարզվում էր։ Նա կոմիկական դրական հերոս է և բարի ծիծաղ է հարուցում։ Նաև ասպետ է՝ միշտ պատրաստ պաշտպանելու թույլերին և կանանց։ Ու թեև ֆիզիկապես թույլ է, բայց հոգով ուժեղ մարդ է։
Ինձ շատ է դուր գալիս երբեք չհոգնող թափառաշրջիկ Չարլին։ Բայց ես որոշեցի, որ Լեոնիդը թափառաշրջիկ չպիտի լինի, այլ սիրող մայր ունեցող տղա։ Նախքան որդու ասպարեզ մտնելը մայրն արդուկում է նրա շորերը, հոգատարությամբ մաքրում գլխարկը, ուղղում վերնաշապիկը։
Ես, հասկանալի է, հրաժարվեցի նաև Չապլինի կերպարին հատուկ ողբերգական երանգներից, միայնություն, մերժվածություն։ Իմ հերոսն, իհարկե, թախծում է, բայց քանի որ կրկեսում թախիծը հազվագյուտ բան է, գրախոսներն ինձ կոչեցին «ծաղրածուն՝ աշունը սրտում»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: