Երևանի նախկին փոխոստիկանապետ

Ինչքան էլ սովոր լինեք իշխանությունների վրա թույն շպրտելու, այնուամենայնիվ հիշեք, կան բաներ, կան թեմաներ, հարցեր, խնդիրներ, որոնց մեկնաբանության, տեղեկատվության տարածման հետ կապված հարկավոր է խիստ զգույշ լինել…
Պաշտոնյաները նույնպես մարդ են, կարող են սխալվել, կարող են ելնելով անմիջական, մտերմիկ իրավիճակներից անկեղծ մտքեր արտահայտել, սայթաքումներ, վրիպումներ թույլ տալ, սակայն պետք չէ այդ ամենը դարձնել լուրջ քննարկման առարկա և ջուր լցնել ադրբեջանցիների ջրաղացին, ամբողջ աշխարհի հանրության ուշադրությունը սևեռել այդ արտահայտության կամ թեկուզ վրիպման վրա: Հատկապես, երբ այն առնչվում է բանակին, Արցախին, մեր պետության պաշտպանությանն ու անվտանգությանը:
Այդ թեման լրագրողների, ընդդիմադիր քաղաքական գործիչների համար «լավ, վիտամիններով հագեցած սնունդ» է, բայց պետք չէ ոգևորվել… Լրագրող, ընդդիմադիր քաղաքական գործիչ լինելուց զատ` դուք նաև ՀՀ քաղաքացի եք և լավ կլինի հիշեք ձեր պետության, Հայրենիքի, ազգի, ժողովրդի, նաև անձամբ ձեր, ձեր ընտանիքի անդամների անվտանգության խնդիրների, շահերի մասին:
Խոսքս ՀՀ պաշտպանության նախարարի երիտասարդների հետ հանդիպմանը հայտնած մտքին է վերաբերում, որը չտարածելու փոխարեն որոշ լրատվամիջոցներ, իրենց «պատկերացնելով հարևան երկրի տարածքում», բնութագրում են որպես սկանդալային բացահայտում, սկանդալային հայտարարություն և համանման այլ բնորոշումներով զետեղում համացանցի կայքերում:
Հասկացանք սենսացիա, հասկացանք լրատվական մոլուցք, հասկացանք ատելություն իշխանական ամեն ինչի նկատմամբ, բայց ա՞յդ գնով, ա՞յդ աստիճան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել