Tert.am-ը գրում է.
Երևանի օդի աղտոտվածության ցուցանիշը մեքենաների քանակի մեծացման, կանաչ տարածքների պակասեցման ֆոնին ոչ թե բարձրանում, այլ նվազում է: Փաստն անհանգստացրել է բնապահպաններին: Նախկինում օդի աղտոտվածության ցուցանիշները Երևանում ստացվում էին առավոտյան, ցերեկը և երեկոյան կատարված չափումների արդյունքում:
Բնապահպանության նախարարությանն առընթեր մոնիթորինգի կենտրոնը մի քանի տարի առաջ փոխել է Երևան քաղաքի օդի աղտոտվածության մոնիթորինգի անցկացման մեթոդաբանությունը: Քաղաքում տեղադրվել են ավտոմատ սարքեր 5 կետերում, և ներկայումս չափումներն անցկացվում են ողջ օրվա ընթացքում, ներառյալ՝ գիշերը:
«Ինչպես հայտնի է՝ գիշերվա ընթացքում օդը մաքրվում է: Ավտոմատ սարքը տալիս է ողջ օրվա ընթացքում գրանցած ցուցանիշների միջինացված արդյունքը, սրա արդյունքում է, որ ցուցանիշները նվազում են»,-Tert.am-ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը:
Բնապահպանը ցավում է, որ անկախ լաբորատորիաների բացակայության պայմաններում հնարավոր չէ անցկացնել կրկնակի ստուգում: Երևանի տարածքում 29 բաց հանք է շահագործվում, որի հետևանքով օդում փոշու խտությունը մշտապես բարձր է:
«Կանաչ տարածքները մենք կորցրել ենք, կառուցապատումը խտացել է, մեքենաները շատացել են: Ճիշտ է, արդյունաբերությունը չի գործում և դրա շնորհիվ պիտի, որ օդն ավելի մաքուր լիներ, սակայն դա խնդիրը չի վերացնում»,- համոզմունք հայտնեց Կարինե Դանիելյանը:
Նրա խոսքով՝ կան քաղաքներ, որոնք փորձում են օդում աղտոտվածության մակարդակն իջեցնել հանրային տրանսպորտի առավել լայն կիրառմամբ: Երևանի պարագայում պետք է որքան հնարավոր է ընդլայնել մետրոյի և տրոլեյբուսային ցանցը: Պետք է ավելացնել կանաչ տարածքները, կառուցել շրջանցիկ ճանապարհներ, քաղաքաշինական սխալները հասցնել մինիմումի, նվազեցնել մայրաքաղաքի կենտրոնում կառուցապատման խտությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ