Արձանիկը տեղադրվել է 1994թ. Մանկական երկաթուղու տարածքում (այգու տնօրենի գրասենյակի մոտ):
Արձանի նյութը տուֆ է, բարձրությունը` 2 մ, քանդակագործ՝ Հովհաննես Մուրադյան:
Հովհաննես Մուրադյանը (1940-2005) ծնվել է Երևանում, 1968թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետը: Նրա դիպլոմային աշխատանքը Աղասի Խանջյանի դիմաքանդակն էր: 1971-ից դասավանդում էր նույն բուհի գծանկարի և քանդակի ամբիոնում: 1997-ից պրոֆեսորի պաշտոնակատար էր: 1968-1973թթ. աշխատել է անվանի քանդակագործ Արտաշես Հովսեփյանի արվեստանոցում: 1974-ից Նկարիչների միության անդամ էր: 1981թ. Մոսկվայում, ԺՏՆՑ-ում կայացած ցուցահանդեսում արժանացել է բրոնզե մեդալի, իսկ 1983, 1984 և 1985թթ. ՀՆՄ «Տարվա լավագույն աշխատանք» մրցանակներին և մեդալի, 1984-85թթ. «Էրեբունի–Երևան» տոնահանդեսի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսներում՝ առաջին մրցանակների, 2002թ.՝ ՀՀ ՊՆ, իսկ 2003թ.` «Անդրանիկ» համազգային միության «Զորավար Անդրանիկ» մեդալների:
Նրա հայտնի աշխատանքներից են.
«Գևորգ Չաուշ», բազալտ, 5 մ, 1990թ., Արտաշատ, ճարտարապետ՝ Ս. Բուրխաճյան
«Անդրանիկ», բազալտ, 6 մ, 1991թ., Անգեղակոթ (Սիսիանի շրջան), ճարտարապետ՝ Ս. Բուրխաճյան
«Ֆիդայիներ», քանդակախումբ, բազալտ, 1988-1992թթ. Ջերմուկ
«Մեղեդի», հարթաքանդակ, բազալտ 5x5 մ, ՌԴ Նախարարների խորհրդի հանգստյան տուն, 1986թ., ք. Գագրա (ՌԴ), ճարտարապետ՝ Լևոն Չերքեզյան
«Բերքի տոն», երեք հարթաքանդակների կոմպոզիցիա, տուֆ, ճարտարապետ Լևոն Չերքեզյան, 1987թ. Աբովյանի քաղխորհրդի շենքի ներսում
«Ե. Չարենց», դիմաքանդակ, բրոնզ, 1986թ. Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահ
«Նկարիչ Զ. Խաչատրյան», դիմաքանդակ, բրոնզ, 1977թ., Խերսոն քաղաքի պատկերասրահ
«Ուսուցչուհի Գ. Դավթյան», դիմաքանդակ, բրոնզ, 1972թ. Նիժնի Սախալինի պատկերասրահ (ՌԴ)
«Աղբյուր Սերոբ» (1984թ.), «Անդրանիկ» (1978թ.), «Գևորգ Չաուշ» (1983թ.) մարմարե դիմաքանդակներ, երեքն էլ Վանաձորի պատկերասրահում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել