1in.am-ը գրում է.
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ստեփանյանի նախագահությամբ ընթանում է Արման Շահբազյանի գործի դատավարությունը:
21-ամյա Արմանը 2013 թվականի փետրվարի 24-ին, գիշերվա ժամը 1-ն անց 30 րոպեին իր հոր՝ Աբրահամի և ազգական Սուրենի հետ Կոտայքի մարզի Գառնի գյուղի փողոցում հանդիպել է նույն գյուղի բնակիչ, իր մեկ այլ ազգական Արտուշ Գևորգյանին:
Վերջինիս կողմից իրեն նույն օրը վիրավորելու հարցի պարզաբանման ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ Արմանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, մոտը եղած ծալովի դանակով հարվածել է Արտուշի ոտքին՝ պատճառելով ստորին վերջույթի կտրած-ծակած վերք:
Ստացած վնասվածքից Արտուշ Գևորգյանը Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նույն օրը մահացել է:
Արման Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել մահվան ելքով ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Նա կալանավորված է: