Հեռուստացույցն ամբողջ հզորությամբ բղավում էր:
«Ուշադրություն, ուշադրություն
Շտապ
Հաղորդում ՀՀ Տիեզերական Կենտրոնից
Տիեզերքում հայտնված և տիեզերական արագությամբ մեծացող մի աստղ ՍՎ-2013 անունով մոտենում է Երկիր մոլորակին:
Բախումն անխուսափելի է, այն կներթափանցի ձեր համակարգիչների մեջ` փնտրելու ամենազգայուն, ամենագեղեցիկ, ամենաբարի, ամենա… ամենա …. Գտնելով ձեզ` նա էլ երբեք դուրս չի կարող գալ համակարգչից:
Շտապ հարկավոր է հավասարակշռել զգացումների սանդղակը:
Բախումից խուսափելու համար անմիջապես անջատեք համակարգիչը հոսանքից»:
«Ինչո՞ւ են ասում անջատել, երբ հարկավոր է միացնել»:
- Քեզ ի՞նչ եղավ, աղջիկ ջան, ո՞ւր ես սենյակներով մեկ վազվզում:
- Տատ, մի խանգարի, առանց այն էլ…ո՞ւր է այդ գրողի տարած հեռախոսը, չեմ գտնում:
- Որտեղ ասես որ չես գցում, այն օրը զուգարանից հանեցի, ամենեղենի միջից գիրք է հայտնվում, հորդ գրասեղանի վրայից կրծկալդ վերցրեցի այն օրը, ի՞նչ է կատարվում քո հետ, չեմ հասկանում:
- Լավ էլի, տատ ջան, դրա ժամանակը չէ: Լավ, գտա:
Զանգահարում է:
- Անահիտ տյոտյա, Վարդանը տա՞նն է, ի՞նչ, լողանո՞ւմ է, որ խնդրեմ հեռախոսը չե՞ք կարող մոտեցնել, այո, շատ շտապ է:
Մինչ սպասում էր, տատիկը հարցրեց:
- Մոնիկ, կշեռքը չես տեսե՞լ, կարծես մի քիչ քաշս ավելացել է: Ակնոցներս էլ չեմ գտնում, ինչո՞ւ ես ձեռք տվել, թափթված ես էլի, մայրդ ճիշտ է ասում:
- Տատ, ման արի, գտի, մի տեղ կլինի էլի, տեսնո՞ւմ ես` զբաղված եմ:
Ձեռքով ցույց է տալիս պատշգամբը:
- Վարդան, լսեցի՞ր հեռուստացույցը, լողանալու ժամանա՞կ ես գտել, շտապ միացրու համակարգիչը, իհարկե կարևոր է, թող համ իմ, համ քո համակարգչում մտնի այդ Սիրո Վիրուս 2013- ը, չէ, ես սկզբից քեզ զանգեցի, նոութբուքս դեռ չեմ գտել, դե լավ, վազեցի, ես էլ միացնեմ, վախ, Աստված ջան, երանի ճիշտ լինի:
Նորից վազելով գնաց պատշգամբ ու մի պահ կանգ առավ:
Հետո սկսեց բարձրաձայն լաց լինել:
- Տա՞տ, այդ ի՞նչ ես անում:
- Կշռվում եմ, քեզ ի՞նչ եղավ, ինչո՞ւ ես լալիս:
- Տատ, բայց ոչինչ որ դա կշեռք չէ, այլ իմ նոութբուքը:
- Աղջիկ ջան, բա մահճակալիդ տակ էր…
«ՍՎ 2013»-ը պտտվեց, պտտվեց ու հեռացավ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/StepanUmar/posts/517078121698495
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել