«Աշխատանք կամ պատվաստում. ո՞ր տարբերակը կընտրեն քաղաքացիները» թեմայով քննարկման ժամանակ Առողջապահության նախարարության ներկայացուցիչ, Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցին լրագրողներից մեկը  հարց ուղղեց՝ արդյոք հասարակական տրանսպորտով չե՞ն երթևեկում, չե՞ն տեսնում նստարանների փոշին, կեղտը, երբ շարունակ խոսում են ախտահանման, պատվաստման մասին:

Սրան զուգահեռ՝ սեպտեմբերի 1-ից, երբ մեկնարկել են դասերն ուսումնական հաստատություններում, մարդիկ վերադարձել են հանգստից ու սկսել աշխատել, քաղաքում խցանումներին զուգահեռ՝ անզեն աչքով նկատելի է մարդկանցով «խցանված» հանրային տրանսպորտը:

«Տեսնում ենք, բայց պետք է նշեմ, որ Առողջապահության նախարարությունը վերահսկողական գործառույթներ չունի: Մենք ունենք տեսչական մարմիններ, որոնք այդ բոլորը պետք է ստուգեն և պարտադրեն: Ասեմ Ձեզ, որ Դուք իրավացի եք՝ միայն ախտահանումը չի, պիտի նաև մաքրվի: Այդ պահանջները ներառված են համապատասխան նորմատիվ իրավական ակտերում, և այն գործատուները, ովքեր շահագործում են տրանսպորտը, պարտավոր են դա ապահովել: Եկեք ճիշտ ասենք, դա իրենց պարտականությունն է, որ իրենք պիտի կատարեն: Չեն կատարում, դրա համար գոյություն ունի վերահսկողություն, և Դուք իրավացի եք՝ դրանք պետք է լինեն մաքուր, լվացված, նոր ախտահանված, որովհետև եթե կեղտոտ մակերեսը ախտահանենք, արդյունք չենք ստանա»,- ասաց Նունե Բակունցը:

Նախարարության ներկայացուցչին հավանաբար պետք է հիշեցնել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը հանրապետությունում ամիսներ առաջ, երբ Առողջապահության նախարարությունը համագործակցում էր մյուս կառույցների հետ,  հասարակական տրանսպորտում «խցանումներ» չկային, առանց դիմակ քաղաքացիներն անգամ իջեցվում էին տրանսպորտից ու տուգանվում: Եվ օբյեկտիվ դիտորդի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ կամ ինչո՞վ պայմանավորված էր հաջողվում այն ժամանակ Առողջապահության նախարարության և վերահսկողություն իրականացնող մարմինների համագործակցությունը, իսկ այսօր նախարարությունը, ինչպես շատերն են ասում, միայն պատժամիջոցների մասին հրամաններ է  արձակում  ու անցնում  մի կողմ: Հարցը գուցե հռետորական էր, բայց տեղին և պատասխան ակնկալող:

Իսկ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցն այսօր վստահեցնում էր, թե իրենց գերատեսչության ղեկավարի հրամանը, համաձայն որի՝ պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է գործատուին ներկայացնեն պատվաստված լինելու տեղեկանք, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ բացասական թեստի պատասխան, կա՛մ էլ համապատասխան տեղեկանք այն մասին, որ պատվաստումն այդ մարդուն հակացուցված է (օրինակ՝ քաղաքացին հղի է կամ ունի ինչ-որ հիվանդություններ, որոնց դեպքում հակացուցված է պատվաստումը), բխում է հենց գործատուի և աշխատակցի շահերից, քանի որ գործատուն չի զրկվի եկամուտից, աշխատողն էլ կգնա աշխատավայր՝ չվտանգելով իր ու մյուսների առողջությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել