Միայն կույրը կարող է չտեսնել, թե ինչ է կատարվում մեր ժողովրդի հետ, միայն կույրը կարող է չտեսնել, որ մարդկանց մոտ վերացել է համբերությունը, որ մարդիկ այլևս չեն հանդուրժում անարդարության յուրաքանչյուր դրսևորում, որ նույնիսկ թեթև հարցերը դառնում են «կայծ»:
Տեսեք`
• «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած պատահարը պատճառ դարձավ, որպեսզի ժողովուրդը բարձրացնի բողոքի մեծ ալիք, արդյունքում հրաժարական տվեց Ռուբեն Հայրապետյանը:
• Բնական աղետ` կարկուտ, գյուղացիները ոտքի ելան, արդյունքում կառավարությունը որոշ զիջումների գնաց:
• Տրանսպորտի սակագների բարձրացում` աննախադեպ ինքնաբուխ շարժման սկիզբ: Արդյունք` Երևանի քաղաքապետի կողմից կայացվեց կասեցման որոշում:
• Բանակում զինվորը զինվորին սպանում է, ամբողջ գյուղը պատրաստվում էր գալ հրապարակ` Վ.Գասպարյանին և Սեյրան Օհանյանին մի կերպ հաջողվում է կանգնեցնել նրանց:
• Վարձավճարների բարձրացման դեմ ուսանողական բողոքի ալիքներ: Արդյունքը առջևում է:
• Եվ այլն, և այլն, և այլն...վերջում բարձրանում է բողոքի ալիք:
Երբ ժողովուրդը հագենում է սոցիալական պրոբլեմներով, նա սկսում է արձագանքել, իսկ ժողովրդի արձագանքը բողոքի ալիքն է: Մենք պետք է հասկանանք, որ այստեղ հարցը նրա մեջ չէ, թե ծագող խնդիրները բավականին լուրջ են, թե թեթև: Ամբողջ մղձավանջը կայանում է նրանում, որ մարդիկ այլևս չեն հանդուրժում, ժողովրդական լեզվով ասած` «պատճառ են ման գալիս», որպեսզի արտահայտեն իրենց անսահման դժգոհությունը: Եվ երբ իշխանության ներկայացուցիչներից ոմանք ասում են` «էս ի՞նչ թարս տարի էր, մի պրոբլեմը մյուսի հետևից է գալիս», դա ծիծաղելի է:
Ժամանակն է եկել, որպեսզի հասկանանք, որ նույնիսկ աննշան միջադեպը կարող է պատճառ դառնալ ժողովրդական հանրահավաքների համար: Մարդիկ հոգնել են, այլևս չեն կարողանում այսպես ապրել, նրանք հոգնել են միայն վատ լուրեր լսելուց, նրանք հոգնել են աղքատությունից, նրանք հոգնել են անբժշկության պայմաններում գոյատևելուց, նրանք հոգնել են կիսասոված քնելուց, նրանք հոգնել են որոշ չինովնիկների ցինիզմից, նրանք հոգնել են երկրում առկա անպատժելիության մթնոլորտից, նրանք հոգնել են անիրականանալի խոստումներից, հոգնել են և վերջ: