Տրամադրություն չունեմ
Բախտ չունեմ:
Փող չունեմ:
Սիրող կին չունեմ:
Երեխաներիս կարոտում եմ:
Անկողինն ի՞նչ է, դա էլ չունեմ:
Ինչ կար-չկար, Դիանան հավաքեց ու տարով մոր տուն:
Բայց բախտ կարծես թե ունեմ, նոութբուքս թողել է, դա նրանից չէր, կամ էլ ինչ-որ բան է խանգարել:
Բայց դե նոութբուքն ինչի՞ս է պետք:
Զզվել եմ Օդնոկլասնիկից, Ֆեյսբուքից, ծանոթությունների բազմաթիվ կայքերից, էլ չեմ ասում Օութլուկից, որն ընդհանրապես էլ չեմ միացնում:
Ի՞նչ անեմ, ինքս էլ չգիտեմ ու պատահաբար սեղմում եմ էկրանին հայտնված ինչ-որ էջի վրա:
Էկրանին հարց է:
«Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե Դուք ինչ եք հոգով, եթե այո, սեղմեք «OK»
Ես չէ, բայց Դիանը լավ գիտի` ես ով եմ, մի անհաջողակի մեկը, որի ձեռքերը աճում են ծնկներից:
Ես չէ, բայց զոքանչս գիտի` ես ով եմ, մի սունկ եմ, որը կարող է ամեն վայրկյան թունավորել իր աղջկա կյանքը:
Էլ մարդ չկա, մնացինք ես ու մայրս:
Մայրս միշտ ասում է.
- Հավատա իմ՝ հացթուխիս 40 տարվա փորձին, Դիանան քեզ սիրում է, համբերիր: Դու, ճիշտ է, հումորի զգացում չունես, հորդ ես քաշել, քո մեջ ռոմանտիզմ չկա, պապիկիդ ես քաշել, բայց ազնիվ ես ու նվիրված:
Մնում եմ միայն ես, որ չգիտեմ` ով եմ:
Ուրեմն … չիմանա՞մ ….սեղմում եմ «OK»:
Բազմաթիվ հարցերին պատասխանելուց հետո, երբ զգացի, որ անցել է 1 ժամ 38 րոպե, համակարգիչը հրամայեց` «Սպասեք»:
Ծխում եմ կիսատ թողած ծխախոտս ու անհամբեր սպասում պատասխանին:
«Դուք հոգով գող եք»:
Այ քեզ հիմարություն:
Միգուցե ինչ-որ բան սխա՞լ եմ գրել: Հարկավոր է նորից փորձել ավելի ուշադիր:
Այս անգամ պատասխանը տևեց 1 ժամ 24 րոպե:
«Դուք հոգով գող եք»:
Ծխախոտ էլ չունեմ ծխելու:
Նայում եմ ամսաթվին…
- Օգոստոսի 18, ատում եմ քեզ:
- Ժամը 22 անց 12 րոպե ատում եմ քեզ:
- Նոութբուք, զզվում եմ քեզնից, չէ, սխալվեցի ատում եմ:
Բջջայինս զանգեց, չհասցրեցի զոքանչիս էլ ատել, նոր հանգստանալ:
Նայում եմ հեռախոսի էկրանին, Դիանան է:
- Դիանա, քո տիրոջ….
Միացնում եմ հեռախոսը:
- Ասա, Դիան:
- Լսիր, դու խիղճ ունե՞ս, ութերորդ օրն է երեխաներիդ չես տեսել…
- Դե փող չկա մոտս, դատարկ գրպանով…
- Ավելի ճիշտն ասա, դատարկ գլխով…
Հեռախոսը հեռացրեցի ականջիցս ու նայում եմ համակարգչի էկրանին.
«Դուք գող եք»
Դիանան դեռ խոսում է:
Նորից հեռախոսը մոտեցրի ականջիս:
- Լավ էլի, Դիան, մի բան ասեմ չզարմանաս, լա՞վ, ես գող եմ, հոգով:
- Ի՞նչ, չհասկացա, ո՞նց թե գող:
- Հաստատ, համակարգիչն ասաց, գիտեմ, որ հիմա կասես, որ այո, գող ես, գողացել ես իմ լավագույն տարիները…
- Լո՞ւրջ ես ասում:
- Խաբելու ինչ ունեմ, դու գիտե՞ս, որ...
- Հա, գիտեմ, որ ստախոս չես, բայց…
Անցավ երկու րոպե, ձայն չկա:
- Կարո՞ղ է ես էլ եմ գող, հոգով:
- Ուզո՞ւմ ես, արի` քո համար էլ թեստ անենք: Մայրդ տա՞նն է:
- Չէ, հարևանի տանը տղեմալի է փակում, գիտե, որ դու շատ ես սիրում, ասում է` կփակեմ, իրեն կասեմ, որ փակել եմ, ու չեմ տա ուտի, թող տանջվի: Մի տաս րոպեից կգա, երեխաներին քնեցնելու ժամն է:
- Հիմա գալի՞ս ես, թե՞ փակեմ կոմպը:
- Ի, ցնդե՞լ ես, իհարկե գալիս եմ: Մտիր, լողացիր, նոութբուքը քարշ տուր անկողին, մինչև գամ:
- Անկողին ես թողե՞լ, հատակին եմ քնում:
- Ախր հեչ ռոմանտիկ չես, ոնց եմ կատաղում, թող լինի հատակին, ի՞նչ կապ ունի, բա ես չիմանա՞մ` ինչ եմ հոգով:
Գալի՜ս եմ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/StepanUmar/posts/516685508404423
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել