Tert.am-ը գրում է.
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասում է, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ Ասոցացման համաձայնագրի՝ նոյեմբերին կայանալիք նախաստորագրմանը, եթե, իհարկե, որևէ բան չփոխվի։ Նրա խոսքով՝ եթե Հայաստանն ասում է, որ Արևմուտքի և Ռուսաստանի հետ հարաբերություններում իր համար «կամ … կամ» սկզբունքը չի աշխատում և աշխատում է «և … և» սկզբունքը, ապա դա նշանակում է, որ ՀՀ արտաքին քաղաքականության առանցքում այն սկզբունքն է, որ արվում և արվելու է այն ամենը, ինչը կարող է օգտակար լինել մեր երկրին, մեր պետությանն ու ժողովրդին։
- Պարոն Սահակյան, Ձեր կուսակից, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցներից մեկում գնահատական է հնչեցրել, թե ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը դուրս կբերի Հայաստանը շրջափակված ու մեկուսացված վիճակից: Կիսում ե՞ք այս մոտեցումը:
- Այս ժամանակահատվածում բավականին աշխատանք է տարվել, կապված այս Համաձայնագրի և Արևելյան գործընկեր երկրների արևելյան բաղադրիչի հինգ երկրների թվում նաև Հայաստանի հետ: Եվ առաջադրված այն հիմնական յոթ չափանիշները, որոնք կապված են այդ հինգ երկրներում տիրող իրավիճակի հետ՝ ժողովրդավարության աստիճան, մամուլ և այլն, պետք է ասեմ, որ Հայաստանը բավականին լավ դիրքերով հաղթահարել է: Եվ ինչպես բազմիցս նշել ենք, աշնանը սպասվող այդ նախաստորագրմանը, եթե որևէ բան չփոխվի, մենք այսօր պատրաստ ենք: Չեմ կարծում, թե դա պրոբլեմատիկ է կամ տեղի է տալիս այն շահարկումներին, որոնք մամուլում անընդհատ լինում են:
- Ի՞նչից ելնելով եք ասում՝ «մենք պատրաստ ենք»: Ձեզ, իբրև հանրապետականի, կուսակցությունում են հայտնե՞լ են, որ Հայաստանը պատրաստվում է նախաստորագրել փաստաթուղթը:
- Մի կողմ դնենք՝ ասվե՞լ է այդ մասին, թե չէ, իսկ ելնում եմ նրանից, որ «Արևելյան գործընկերության» շրջանակներում մասնակցում ենք այդ բոլոր գործընթացներին: Մենք արդեն բազմաթիվ ընթացակարգեր ենք հաղթահարել, և եթե չուզենայինք՝ էլ ինչո՞ւ էինք մասնակցում էդ ամենին:
- Պարոն Սահակյան, կա սահմանադրական նորմ՝ հանրաքվեներ անցկացվելու մասին. չե՞ք կարծում, որ, այնուամենայնիվ, այդ խնդիրը միայն մեկ, թեկուզ իշխող կուսակցության և նրա առաջնորդի լուծելունը չէ, և պետք է որոշի ժողովուրդը՝ հանրաքվեով:
- Այո՛, երկրի համար կարևորագույն, սկզբունքային որոշումներն, ընդհանուր առմամբ, կայացվում են հանրաքվեներով, և բացի սահմանադրական նորմից կա նաև «Հանրաքվեի մասին» կա օրենք, որը ասում է, թե որ խնդիրներն են, որ կարող են դրվել հանրաքվեի:
Ինչ վերաբերում է «Արևելյան գործընկերության» շրջանակներում ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը, ապա չենք խոսում սկզբունքորեն այս կամ այն միավորման մեջ որպես առանձին միավոր մտնելուն և կամ դրան միտված գործողության մասին: Գաղտնիք չէ, որ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը ներառում է մի շարք խնդիրներ, օրինակ՝ վիզաների դյուրացում ԵՄ երկրների համար, որպեսզի ավելի հեշտ և երկար ժամանակով մեր քաղաքացիները ԵՄ տարածք մուտք գործելու հնարավորություն ունենան: Այսինքն՝ նախաստորագրումն ընդամենը համաձայնություն է հետագա աշխատանքի մասով և ֆիքսում է, որ կողմ ենք հետագա աշխատանքին, սկզբունքներին:
Իսկ ԵՄ լիիրավ անդամ դառնալու դեպքում, որպեսզի կարողանաս քո երկրի ներսում ճշտել տրամադրությունները, կարելի է նաև հանրաքվե կազմակերպել: Բայց հիմա դրա մասին խոսելը բավական շուտ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ