1in.am-ը գրում է.
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ ավարտվել է Հրանտ Վարդանյանի գործի դատավարությունը:
Նույն դատարանի կայացրած և ուժի մեջ մտած մեկ այլ դատավճռով 29-ամյա Հրանտ Վարդանյանը ոչ թե ամբաստանյալ, այլ տուժող է եղել: Նրան ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար մեղավոր է ճանաչվել և 3 տարի ազատազրկման դատապարտվել Ռաֆայել Մանուկյանը:
Բայց շուտով տուժող Հրանտը դարձել է մեղադրյալ, քանի որ նախաքննության ընթացքում երկու անգամ սուտ ցուցմունքներ էր տվել, թե 2012 թվականի օգոստոսի 2-ին իրեն ծանր մարմնական վնասվածք է պատճառել ոչ թե Ռաֆայել Մանուկյանը, այլ երեք անհայտ անձինք՝ միմյանց չզիջելու կապակցությամբ առաջացած վիճաբանության և քաշքշուկի ընթացքում:
Որպես ամբաստանյալ հայտնվելով ընդհանուր իրավասության դատարանում՝ Հրանտ Վարդանյանն ընդունել է մեղքը, այսինքն՝ որ ծանր հանցագործության մեղադրանքի առնչությամբ քրեական գործով սուտ ցուցմունք է տվել:
Արագացված դատական քննության արդյունքում դատարանը Հրանտ Վարդանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 338 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտել 6 ամիս ազատազրկման, ապա պայմանական դատապարտություն է կիրառել ու նշանակել 1 տարի փորձաշրջան: