Երևանյան փողոցները գեղեցկացվել են բիոզուգարաններով, ու ցերեկները շոյում են բազմաթիվ զբոսաշրջիկների հետաքրքրասեր աչքերը:
Առաջին իսկ հայացքից աչքի է զարնում այն անժխտելի փաստը, որ քաղաքապետը մեծ հումորի տեր մարդ է, իսկ դա արդեն մեր մայրաքաղաքի համար պարծանքից էլ վեր է:
Զբոսաշրջիկները իրենց ապահով են զգում մեր հարազատ քաղաքում, քանի որ ամեն քայլափոխի հանդիպող, ոստիկանական փոքր խմբերը՝ 2-3 հոգուց բաղկացած, շրջում են էլետրական մահակներով ու աչալուրջ հսկում քաղաքի անդորրը:
Ոստիկանական երկհոգանոց խմբին մոտեցան երկու տարեց կին զբոսաշրջիկներ:
- Hello, Please Tell, How to go to the University of biophysics.
- Գուգո, զոքանչդ անգլերենի դասատու է չէ՞, տես ի՞նչ են ուզում, ինչ-որ բիո հասկացա:
Գուգոն՝ կրտսեր սերժանտ Գուրգեն Վարդանյանը, որ քիչ հեռու կանգնած գարեջուր էր խմում, մոտեցավ:
Գլուխը մոտեցրեց կանանց ու հարցական աչքեր արեց:
- How to go to the University of biophysics.
- Արա դե սովորեք էլի, պետք է գալիս ամեն րոպե, - դիմեց ընկերներին, հետո շուռ եկավ դեպի կանայք:
- Փլիզ, թի զիս…
Ձեռքով ցույց է տալիս դիմացի այգու բիոզուգարանը:
- you`re kidding
- Գիտե՞նք: Իհարկե գիտենք, հենց այնպես չենք ման գալիս:
Ծիծաղում են միաժամանակ և՛ զբոսաշրջիկները, և՛ ոստկանները:
- a happy life
- Յես, յես, լավ է:
Գիշերային Երևանն էլ իր հմայքն ունի, ճիշտ է, այնքան էլ գրավիչ չէ, ինչպես ցերեկները, քանի որ փակվում են բիոզուգարաններն ու հատուկենտ են երևում ուրախ մարդիկ, բայց փոխարենն արդեն երևում են կիսահարբած, հարբած, փոքր բնական կարիքները հոգալ ցանկացող ու դրանից մտահոգ մարդիկ:
Մի կերպ ոտքերը քարշ տալով, տաբատի ձագը ձախ ձեռքով բռնած, իսկ աջով շոշափելով տարածքը, մութ փողոցում մի մարդ է կորել ու չի գտնում, չես հասկանում` ճանապա՞րհը, թե՞ զուգարան:
Կենտրոնական այս մութ փողոցում ձեռքը կպավ ինչ-որ սահուն մի բանի:
Հասկացավ, որ պատուհան է, միգուցե և դուռ` փրկության կամ բախտի:
Մի կերպ շոշափեց, գտավ բռնակն ու քաշեց իրեն:
Ավտոմատ հեռախոսի խցիկ էր, անցյալի մի մնացուկ:
Արագ իջեցրեց տաբատն ու այդ ժամանակ ապակուն թակեցին:
- Այ մարդ, ուրիշ տեղ չե՞ս գտել,- բառերը կակազողի նման ասելով մի ոստիկան մի կերպ խցկվեց ներս:
- Տեղ տուր, հո մենակ դո՞ւ չես:
Ուս ուսի կանգնած ինչպես վայել է նույն բախտն ունեցող հարազատ ընկերների, մեկն անընդհատ զկրտալով, մյուսը տարօրինակ ձայներ հանելով հոգացին իրենց կարիքներն ու այդպես էլ կանգնած քնեցին:
Առավոտ էր, մի լուսաշող առավոտ Երևանի վրա, երբ առաջինն արթնացավ սերժանտը:
Ուսի վրայով նայեց իր մեջքին հենված, քնած մարդուն, անմիջապես հասկացավ, որ հապաղել չի կարելի, վայրկյանը կորցնելը ոստիկանին հարիր չէ ու հարվածելով արթնացրեց նրան:
Մարդը չէր հասկանում` ինչ է կատարվում իր հետ ու անկախ իրենից բռնեց գլուխը երկու ձեռքերով:
Սերժանտը նրա օձիքից բռնած քարշ տվեց տանելու ոստիկանության բաժին՝ հասարակական վայրում խուլիգանություն կատարելու համար տուգանելու:
Ծառայողական պարտքի զգացումն ավելի մեծ էր, քան գիշերային պատահական ընկերությունը:
Երևանն արթնացել էր ու անցել իր բնականոն կյանքին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/StepanUmar/posts/516215665118074
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել