Hraparak.am-ը գրում է.

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Քաղպայմանագրի ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը քիչ առաջ խորհրդարանի ամբիոնից պաշտոնապես հայտարարեց ԱԺ փոխխոսնակի գաղտնի ընտրության արդյունքները, համաձայն որի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը չի ընտրվել փոխխոսնակի պաշտոնում, պահանջվող 54 ձայնի փոխարեն ստացել է 53-ը, թեպետ իշխող ուժը հրապարակավ պատրաստակամություն էր հայտնել, որ կապահովի Սաղաթելյանի համար բավարար թվով կողմ ձայներ, որպեսզի խուսափեն սահմանադրական ճգնաժամից:

ԱԺ նախագահը դիմեց ընդդիմադիր ֆրակցիային՝ հիշեցնելով, որ կանոնակարգ-օրենքը հնարավորություն է տալիս տասնօրյա ժամկետում կրկին քվեարկություն կազմակերպել եւ առաջադրել թեկնածու: Օհանյանը հայտարարեց, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել, կրկին առաջադրում են Սաղաթելյանի թեկնածությունը:  Օհանյանին հարց ուղղեց խորհրդարանի թիվ մեկ «ուսապարկ» Վահագն Ալեքսանյանը՝ մատնելով իշխանության խաղերը:

Ալեքսանյանին հետաքրքրում էր, թե ինչ հույժ կարեւոր գործեր ուներ «Հայաստան» դաշինքի անդամներից մեկը, որ այսօր չի մասնակցել Սաղաթելյանի ընտրությանը:

Մեր տեղեկություններով՝ նիստից բացակայում է եւ քվեարկությանը չի մասնակցել Դավիթ Սեդրակյանը՝ Մհեր Սեդրակյանի որդին, Օհանյանը պատասխանեց, որ ներկա բոլոր 26 պատգամավորները մասնակցել են:

Ըստ ամենայնի՝ իշխանությունը օգտվելով մեկ պատգամավորի բացակայության փաստից տապալել է ընտրությունը, որ հետո մեղքը բարդի ընդդիմադիրների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել