Tert.am-ը գրում է.
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, պատմաբան Ռուբեն Մելքոնյանը համոզված է, որ Եգիպտոսի կողմից Հայոց ցեղասպանության խնդրի բարձրացումն ունի քաղաքական շարժառիթ, և երբ Թուրքիայի հետ այդ երկրի հարաբերությունները կարգավորվեն, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դուրս կգա եգիպտական իշխանությունների օրակարգից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին, Twitter-ի իր էջում Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը գրել էր, որ Եգիպտոսը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նախագահի հայտարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել, դրան անդրադարձել էին արաբական առաջատար թերթերը:
Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությունները, ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց Ռուբեն Մելքոնյանը, ցավոք, որոշ դեպքերում միջազգային քաղաքականության մեջ դառնում է որոշակի սակարկումների և առևտրի առարկա:
«Մի կողմից մեր համար, իհարկե, կարևոր է, որ արաբական այնպիսի երկիր, ինչպիսին Եգիպտոսն է, ճանաչի և դատապարտի Հայոց ցեղասպանությունը, մանավանդ, որ հայերը Եգիպտոսի պատմության մեջ էական դերակատարություն են ունեցել, բայց մյուս կողմից էլ Եգիպտոսի ընտրած ժամանակահատվածը և այս քաղաքական տարածաշրջանային վերադասավորումների համատեքստում մի փոքր մտահոգիչ են»,- իր մտահոգություն հայտնեց Ռուբեն Մելքոնյանը:
Պատմաբանի կարծիքով, առավել դրական կդիտվեր, եթե Եգիպտոսն այս քայլը ձեռնարկեր ավելի վաղ: Դա, ինչ–որ մի տեղ կբարձրացներ նաև այդ քայլի ազնվության մակարդակը:
Ռուբեն Մելքոնյանը համարում է, որ Եգիպտոսի կողմից Հայոց ցեղասպանության խնդրի բարձրացումն ունի քաղաքական շարժառիթ: Ցեղասպանության ճանաչման հայտարարությունը, որ հնչել է եգիպտական իշխանությունների կողմից եգիպտաթուրքական հարաբերությունների վատացման ֆոնին, ևս մեկ անգամ ապացուցում է, որ ցեղասպանության հարցը քաղաքականացվել է և դիտարկվում է հենց այդ համատեքստում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ