Եթե ժողովուրդը քեզ ընդունում է, ապա դու օժտված ես պետական մտածելակերպով, իսկ դա կօգնի քեզ հաղթահարել բոլոր դժվարությունները:
Ուինսթոն Չերչիլ
Լճացված չինովնիկները պետք է փոխարինվեն նոր բանիմաց կադրերով: Կադրային մեծ փոփոխություն` սա է միակ ճանապարհը երկիրը խելքի բերելու համար: Պետք են նոր մոտեցումներ: Կադրերի նոր տեսակ է անհրաժեշտ մեր երկրին: Տեսակ, որն իր մեջ կպարունակի ատելություն կոռուպցիայի դեմ, տեսակ, որն անկաշառ կլինի, տեսակ, որն իր տեսակով կոգևորի հուսահատ եղած ժողովրդին, տեսակ, որը երկրում կվերականգնի բարոյահոգեբանական մթնոլորտը:
Հարգելի ընթերցողներ, ցավոք սրտի, ես հենց այնպես չէի հիշի այս հիրավի Մեծ Հային, եթե չլիներ հետևյալ խոսակցությունը, երբ այս թեմայի շուրջ կիսվում էի անապահով խավի ներկայացուցիչների հետ, նրանցից մեկը, շուռ գալով դեպի ինձ, ասաց. «Ոչ թե հները պետք է փոխվեն նույն մտածելակերպով նորերով, քանի որ ժամանակի ընթացում նորերը նորից կսկսեն աշխատել հների նման, այլ հները պետք է իրենց տեղը զիջեն Հեքիմյանի նման մարդկանց, մարդիկ, որոնց միայն անունը հերիք էր, որպեսզի նրանց առաջ ժողովուրդը խոնարհվեր, մարդիկ, որոնք հավատ էին ներշնչում»: Իհարկե, մատաղ սերնդին այս անունը շատ բան չի կարող ասել, և դա մեր տեղեկատվական դաշտի բացթողումներից մեկն է, քանի որ չի կարելի նման մարդկանց մոռանալ, քանի որ նրանց օրինակով մենք կարող ենք դաստիարակել մեր ապագա սերնդին:
Հիշեցում, Հեքիմյան Ալեքսեյ Գուրգենի (ԳԵՆԵՐԱԼ - ԿՈՄՊՈԶԻՏՈՐ) խորհրդային ներքին ծառայության գեներալ-մայոր, հանրաճանանչ երգահան։ Նրա հետևյալ երգերը` «Բարի արագիլ», «Կռունկ, բարով եկար», «Երգիր ինձ համար», «Ղարաբաղի եղնիկ», «Իմ Հայաստան», խորհրդային տարիներին հայ ժողովրդի մշակութային կյանքի անբաժանելի մասն էին դարձել: Գրել է ժողովրդական-քաղաքային ոճի ավելի քան 300 երգ: Ինչ վերաբերում է նրա մասնագիտական գործունեությանը, ապա 1946թ. ծառայության է անցել ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգում: 1955-1970թթ. եղել է Սերպուխովո քաղաքի ներքին գործերի բաժնի պետ, Մոսկվայի մարզի քրեական հետախուզության պետի տեղակալ, ապա` պետ, 1970-1973թթ.` Մոսկվայի մարզային խորհրդի գործկոմի ներքին գործերի վարչության պետի տեղակալ։ Նրա ունիկալությունը կայանում էր նրանում, որ նա, թե՛ որպես քրեական հետախույզ, թե՛ որպես կոմպիզոտոր, միանշանակ լավագույններից մեկն էր: Ահա թե ինչ է ասել նրա մասին այն ժամանակվա օրենքով գողերից մեկը. «Երբ նա ինձ հարցաքննում էր, ես մոռանում էի, որ նա միլիցիոներ է, նա այնպիսի մարդ էր, ում մոտ չէր կարելի լկտի պահել, ոչ թե նրա համար, որ նա Մոսկվայի մարզի քրեական հետախուզության պետն էր, այլ մեր լեզվով ասած` նրան չէր հասնում նման վերաբերմունք, նա հասարակ «ֆորտոչնիկից» սկսած, վերջացրած իմ նմաններով բոլորի մեջ առաջին հերթին մարդ էր տեսնում, դա ամենևին էլ չէր նշանակում, որ նա փափուկ մարդ էր… Նա ուղղակի իսկական պրոֆեսիոնալ էր: Նրա պետ լինելու ժամանակ մեր լեզվով ասած քրեականը ոչ մեկի գլխին ռիսկ չէր անում սարքել…և մի բան էլ կարող եմ ասել, որ նրա օրոք Մոսկվայի մարզում բացահայտումները շատացել էին…»:
Հ.Գ. Ավարտելով կցանկանայի ասել, որ ոչ միայն ուժային կառույցներում, այլև բոլոր ոլորտներում մեզ անհրաժեշտ են այնպիսի մարդիկ, որոնց մասին նույնիսկ իրենց «չսիրողները» ասեն` նա պրոֆեսիոնալ է և անկաշառ: Հավատացեք, մեր ազգը լի է այսպիսի մարդկանցով, ուղղակի նրանցից շատերը, չինտեգրվելով նոր շուկայական հարաբերությունների մեջ, մղվեցին երկրորդ պլան: Մեզ մնում է միայն հուսալ, որ նման մարդիկ նորից ի հայտ կգան, քանզի մենք նրանց կարիքը շատ ենք զգում: