Բրիտանացի սննդաբան Քեյթ Լևելին-Ուոթերսը հայտնել է, թե շաբաթվա ընթացքում որքան քաղցրավենիք, պիցցա և ալկոհոլային խմիչք պետք է օգտագործեն նրանք, ովքեր ցանկանում են առողջ սնվել, հաղորդում է Daily Mail պարբերականը:
Ըստ մասնագետի՝ պիցցան, հատկապես բարձրորակ պիցցան, կարող է օգտակար լինել: Չնայած դրան՝ այն պետք է ուտել ոչ ավելի, քան շաբաթական մեկ անգամ և պետք է ուշադրություն դարձնել չափաբաժնին:
«Ընտրեք որակյալ պիցցա, որը հարուստ է սննդանյութերով, ոչ թե McDonald’s», – խորհուրդ է տվել սննդաբանը:
Լևելին-Ուոթերսը խորհուրդ է տալիս ուտել շաքարի բարձր պարունակությամբ սնունդ, օրինակ՝ շոկոլադ, ոչ ավելի, քան շաբաթական մեկ կամ երկու անգամ: Սակայն, նրա կարծիքով, ավելի լավ է քաղցրավենիք պատրաստել տանը, քան գնել դրանք խանութում: Միայն այս դեպքում կարելի է վերահսկել ավելացվող շաքարի քանակը, ինչպես նաև վստահ լինել, որ քաղցրավենիքում քիմիական հավելումներ չկան:
Սննդաբանը նաև ճաշարանների առաքման ծառայությունից խորհուրդ է տալիս օգտվել միայն ամսական 1 անգամ, նաև հաշվի առնել չափաբաժնի մեծությունը:
Ինչ վերաբերում է ալկոհոլի օգտագործմանը, մասնագետը թույլատրելի է համարում մեկ գավաթ գինի վայելել շաբաթը մի քանի օր: Օրական հարկավոր է սահմանափակվել մեկից երկու բաժակով և չհարբել: Ըստ նրա՝ ընդունված է, որ չափազանց շատ ալկոհոլը վնասակար է մեր առողջության համար, սակայն վերջին հետազոտությունների համաձայն՝ չափավոր խմելն օգտակար է շատերի սրտի համար: Միևնույն ժամանակ, հարկավոր է շաբաթվա որոշ օրերին լիովին ձեռնպահ մնալ ալկոհոլային խմիչքների օգտագործումից: