Pastinfo.am-ը գրում է.

Գեղարքունիքի Կութ, Սոթք և Նորաբակ գյուղերում սահմանային լարվածությունից հետո երկրորդ օրն է՝ իրավիճակը համեմատաբարի հանգիստ է։ Սոթքի բնակիչ Սևակ Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ երեկվանից կրակոցներ չեն լսել։ Վերջինիս փոխանցմամբ՝  այսօր եղել է Սոթքի հանքում, որտեղ աշխատանքները վերսկսվել են։  

Սևակը նշեց, որ հուլիսի 28-ին՝ ակտիվ մարտական գործողությունների ժամանակ, ընկերների հետ ուղևորվել էր դեպի Շորժա։

«Երբ  հասանք, էնտեղ արդեն  հատուկենտ կրակոցներ էին՝ հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվում էր։ Ժամը 4-5-ից հետո գրեթե կրակոց չկար՝ երբ մենք էնտեղ էինք։ Գիշերը մի քանի անգամ կրակոց է եղել ու մինչև այս պահը կարծես հանգիստ է»։

Կութ համայնքի բնակիչ Ատոմ Ղարիբյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ համայնքում հիմա իրավիճակը հանգիստ է՝ չնայած բնակիչները վախը սրտներում են առօրյա աշխատանքով զբաղվում։ Հուլիսի 28-ի կրակոցների ժամանակ գյուղում ամենից շատ անհանգիստ էին անասնապահները.

«Մի քանի օր առաջվա կրակոցների ժամանակ անասնապահները վախեցել էին, անասուններին սար չէին հանել՝ մտավախություն կար, որ կարող է էդտեղ էլ սկսվի, ճիշտ է, այդ պահին կրակոցներ այդ տարածքում չկար, բայց զոհերի մասին տեղեկություն կար։ Գյուղացիները որոշ չափով վախները սրտերում ապրում են իրենց առօրյայով»։

Ղարիբյանը նշեց, որ կրակոցները սկսվելու ժամանակ եղել է Վարդենիսում ու շտապ վերադարձել Կութ՝ գյուղապետարան։ Օրվա ավարտին անգամ դիրքեր են բարձրացել։

«Մի քիչ դադարել էր կրակոցնեը՝ մեկ-մեկ էին կրակում»։

Դեռևս հունիսին՝ Կութից շուրջ 80 գլուխ անասուն էր անցել ադրբեջանական կողմը, կենդանիներին վերադարձնել այդպես էլ չէր հաջողվել։ Ադրբեջանցիները կրակել էին հովվի ուղղությամբ։ Կութի բնակիչը տեղեկացրեց, որ դեպքից հետո երկու անգամ բնակիչների հետ հանդիպումներ են եղել, բացատրել, թե մինչև ուր կարող են կենդանիներին արոտի տանել։

«Մեր տարածքը պաշտպանող բատալյոնի կամբատը եկավ, ներկայացրեց  վիճակը՝ թե անասուններին ոնց ու մինչև որտեղ կարող ենք թողնել։ Առաջին անգամ ասել էին, գյուղացիներն ուշադիր չէին, մեկ անգամ էլ են դրանից հետո տարել՝ տարածքները  ցույց տվել՝ ասացին այստեղից չեն կարող անցնել։ Գյուղի ժողովուրդը տարածքները անգիր գիտեն, պայմանավորվել են»։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ընթացել են տեղային մարտեր: Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։ Հաջորդ օրը Գեղարքունիքում ևս հրադադարի ռեժիմը խախտվել է, խոցվել է անգամ թշնամական ԱԹՍ։

Հուլիսի 30-ին և 31-ին ադրբեջանական կողմը սադրանքների է դիմել նախիջևանյան ուղղությամբ՝ Երասխի հատվածում, փորձել անգամ ամրաշինական աշխատանք իրականացնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել