Panorama.am-ը գրում է.
Աբովյանի ծննդատանը նորածին երեխային դաժանորեն սպանած Վարդուշ Ա.-ն, որին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել էր 2 տարվա ազատազրկման, դիմել է Վերաքննիչ դատարան` պահանջելով նշանակված պատժաչափը մեղմացնել` պայմանականորեն չկիրառել պատիժը և սահմանել փորձաշրջան: Ըստ Վարդուշ Ա.-ի՝ առաջին ատյանի դատարանը սխալ է թույլ տվել և իր նկատմամբ նշանակված երկու տարի ազատազրկում պատիժը չի փոխարինել պատիժը պայմանականորեն չկիրառելով:
Ըստ նրա բողոքի, դատարանի կողմից պետք է հաշվի առնվեր, որ ամբաստանյալն ունի երկու անչափահաս երեխա, որոնց միակ կերակրողը ինքն է: Դա հնարավորություն կտար իր նկատմամբ նշանակել արդարացի պատիժ, երկու տարի ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը կփոխարինվեր պայմանական ազատազրկմամբ:
Սակայն Վերաքննիչ դատարանը դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ մերժել է ամբաստանյալի բողոքը` հիմնավոր համարելով առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունները և գտնելով, որ դատավճռով նշանակված պատիժը համապատասխանում է ամբաստանյալի կատարած հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, նրա անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար են նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը անհիմն է համարել ամբաստանյալի վերաքննիչ բողոքի պատճառաբանությունն այն մասին, որ իր նկատմամբ նշանակվել է խիստ պատիժ: Դիմողն իր բողոքն այդ մասով հիմնավորել է՝ նշելով, որ դատարանը հաշվի չի առել իր խնամքին մինչև 14 տարեկան երկու անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ