1in.am-ը գրում է.

Հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների «հիմնական» թեկնածուներն են «Վրացական երազանք» դաշինքից առաջադրված ԿԳ նախարար Գեորգի Մարգվելաշվիլին, «Միացյալ ազգային շարժման» թեկնածու, Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Բաքրաձեն և «Ժողովրդավարական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն: Թե որ թեկնածուին են Վրաստանում բնակվող հայերն իրենց նախապատվությունը տալիս, «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավոր Ֆյոդոր Թորոսյանից:

Նա նշեց, որ վիրահայերը ծանոթ են միայն Ն. Բուրջանաձեի և Դ. Բաքրաձեի քաղաքական գործունեությանը, իսկ Գ. Մարգվելաշվիլին իրենց համար դեռևս անծանոթ է. «Քարոզարշավի ընթացքում հավանաբար կկողմնորոշվենք, այսօրվա դրությամբ ժողովուրդը քիչ է տեղեկացված, թե ինչ է կատարվում. միայն գիտեն թեկնածուների գոյության մասին, սպասում են, տեսնենք՝ ով ինչ կասի»:

Հարցին, թե կա՞ որևէ թեկնածու, ով ազգային փոքրամասնությունների մասով ավելի հստակ կողմնորոշում և շահեկան մոտեցում ունի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չեմ կարծում, որ հայերի, ջավախահայության համար ընդհանրապես որևէ էական փոփոխություն լինի։ Նրանցից որևէ մեկի ընտրվելու դեպքում ուղղակի որոշ անձինք կարող են բարեհամբույր վերաբերմունք ցույց տալ, և խոսքը միայն վերաբերմունքի և ոչ հայամետ գործողությունների մասին է: Ընդհանուր առմամբ՝ նրանցից բոլորի վերաբերմունքը նույնն է ազգային փոքրամասնությունների նկատմամբ, մարդկային տեսանկյունից եթե նայենք՝ Բաքրաձեն ընդունելի թեկնածու է ժողովրդի համար, նա, այսպես ասած, «փափուկ մարդ» է։ Բուրջանաձեն այդքան չէ, բայց Բաքրաձեն շատ է եկել Ջավախքի շրջան, խոսել ժողովրդի հետ, ինչ-որ տեղ ժողովուրդը նրա նկատմամբ համակրանք ունի»:

Հարցին, թե չի՞ խանգարում այն հանգամանքը, որ Սաակաշվիլու կուսակցությունից առաջադրվել է մի մարդ, ում ջավախահայերն այնքան էլ չեն ընդունում, Ֆ. Թորոսյանը պատասխանեց. «Սաակաշվիլու հեղինակությունը վերջին շրջանում զրոյացրեցին։ Դա, անշուշտ, կազդի նաև Բաքրաձեի վրա։ Եթե նա այդ կուսակցությունից չլիներ, հնարավոր է՝ ավելի շատ ձայն ստանար: Մյուս կողմից էլ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում կուսակցությունների նկատմամբ վստահություն չկա»:

Հետաքրքրվեցինք նաև, թե երբ Հայաստանն ու Վրաստանը նախաստորագրեն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, հնարավո՞ր է դրանից հետո, երբ ըստ էության՝ հարևան պետությունները նույն նավի վրա լինեն, Վրաստանում լավանա հայերի նկատմամբ վերաբերմունքը, ինչին ի պատասխան՝ Ֆ. Թորոսյանն ասաց. «Սերժ Սարգսյանի՝ Լեհաստան կատարած այցից հետո մի քիչ կասկածում եմ, որ Հայաստանը կստորագրի, Վրաստանն, անշուշտ, կստորագրի: Բայց չեմ կարծում, թե հատուկ ինչ-որ վերաբերմունք լինի։ Հնարավոր են միայն առանձին հայտարարություններ, ոչ մի համաձայնագիր էլ իրավիճակը չի փոխի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել