«Яркий пример того, как обычные люди могут повлиять на несправедливость, по которой живёт целое государство»… Երբ ես տեսնում եմ, թե ինչպես են պայքարում այն ընդդիմադիրները, որոնք իրականում ընդդիմադիր չեն, այլ ինքնահաստատման խնդիր լուծողներ, ակամայից հիշում եմ մի իրական պատմություն, որը ցույց է տալիս, որ անպայման չէ մեծ աղմուկներով, տարբեր փիառ տեխնոլոգիաներ կիրառելով հաղթել: Այս պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ 4 հոգին բավական են, որպեսզի հասնել աննախադեպ արդյունքների, իհարկե, եթե այդ 4 հոգին իրենց առաջ դրել են հանուն գաղափարի հաղթանակը, այլ ոչ թե հանուն անձնականի: Եվ այսպես,  1960 թ.-ի փետրվարի 1-ին ԱՄՆ-ի Հյուսիսային Կառոլինա նահանգի Գրինսբորո քաղաքի «Woolworth s» սուպերմարկետի սրճարան մտան 4 աֆրոամերիկյան ուսանող (սևամորթներ) և պատվիրեցին սովորական սուրճ: Սակայն սպասարկողը արհամարհական տոնով ասաց, որ սրճարանը չի սպասարկում սևամորթներին և խորհուրդ տվեց անմիջապես հեռանալ սրճարանից: Վերոհիշյալ ուսանողները, իրենց չլսելու տեղ դնելով, մնացին սրճարանում մինչև սրճարանի փակվելը (ըստ օրենքի` սրճարանի ադմինիստրացիան իրավունք չուներ նրանց բռնի ուժով հեռացնելու այդ տեղից): Հաջորդ առավոտյան նույն սրճարանում արդեն նստած էին, ոչ թե 4, այլ 12 սևամորթ, երրորդը օրը՝ 60, իսկ չորրորդ օրը՝ 400, տեղ չլինելու պատճառով շատ սևամորթներ կանգնած էին սրճարանի շրջակայքում: «Woolworth s» սուպերմարկետի տնօրինությունը խուճապի մեջ էր, սակայն ոչինչ անել չէր կարող: Բողոքի ակցիան տարածվում էր արդեն ամբողջ ԱՄՆ-ով: ԱՄՆ-ի տարածքում գործող հասարակական օբյեկտները իրար հետևից ճարահատյալ սկսեցին սպասարկել սևամորթներին: Եվ ահա անցավ 4 տարի, և ստորագրվեց պատմական Civil Rights Act, ըստ որի սկիզբ դրվեց ռասայական խտրականության վերացմանը: Հարգելի ընթերցողներ, այս պատմությունը ցույց է տալիս, որ ցանկության դեպքում նույնիսկ 4 հոգին բավական են, որպեսզի փոխեն աշխարհը: Ուղղակի պետք է, որպեսզի նրանց շարժիչ ուժը՝ իրենց գաղափարախոսությունը, բխի ժողովրդի շահերից, այլ ոչ թե սեփական շահերից…

 Հ.Գ. Այս պատմական նկարում պատկերված են հենց այդ 4 սևամորթները, որոնք դարձան «կատալիզատոր» այնպիսի բողոքի ալիքի, որի դեմ նույնիսկ հզոր ԱՄՆ-ի իշխանությունները չկարողացան պատնեշ դնել: Եվ երբ մեր ընդդիմադիրներից ոմանք ասում են, որ հնարավոր չէ արդյունքի հասնել, քանի որ չունեն անհրաժեշտ ռեսուրսներ (հիմնականում ի նկատի ունեն դրամային ռեսուրսները), ցանկանում եմ ասել` հարգելիներս, միգուցե դուք ամենակարևո՞րը չունեք. հստակ գաղափարախոսություն, որին իսկապես կհավատա ժողովուրդը, միգուցե դուք չունեք ժողովրդի կողմից այն վստահությունը, որը անհրաժեշտ է ունենալ, միգուցե ձեր մեջ է պետք փնտրել սխալները, միգուցե…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել