Yerkir.am-ը գրում է.

2021 թվականի հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսության ակտիվությունը կազմում է +4,3 տոկոս: Որպեսզի գնահատենք մեր տնտեսության վերականգման որակը և հետագա հեռանկարը, անհրաժեշտ է մեր ուշադրությունը կենտրոնացնել արդյունաբերության ոլորտի վրա, քանի որ այս ոլորտը հանդիսանում է երկրի տնտեսական անվտանգության և սոցիալական խնդիրների լուծման հիմնասյուներից մեկը։

2021 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանից արտահանվել է մոտ 338 մլն դոլար պղնձի խտանյութ։ Հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատ պղնձի խտանյութի ֆիզիկական ծավալը կրճատվել է 9 տոկոսով, սակայն արտահանվող պղնձի մաքսային արժեքը աճել է մոտ 50 տոկոսով կամ 110 մլն ԱՄՆ դոլարով։

Այս պահի Լոնդոնի մետաղների բորսայում պղնձի խտանյութի 1 տոննան վաճառվում է 9200 ԱՄՆ դոլարով, իսկ մայիսին 1 տոննայի արժեքը հասել էր 11000 ԱՄՆ դոլար։ 2020 թվականի ճգնաժամայի ժամանակ պղնձի գինը տատանվել է 6000-7000 ԱՄՆ դոլարի շրջանակում:

Հայաստանից արտահանվող մոլիբեդենի և ֆեռոմոլիբդենի գները համաշխարհային շուկայում նույնպես շեշտակի աճ են գրանցել։ Ներկայումս բորսայում 1 տոննան վաճառվում է 24 000 ԱՄՆ դոլարով։

2020 թվականի պղնձի և մոլիբդենի արդյունահանման ծավալների անկում է գրանցվել, ինչը պայմանավորված էր տնտեսական սահմանափակումներով (Lockdown) և համաշխարհային տնտեսական ճգնաժամով։

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտահանումն ավելացել է 20,8 տոկոսով։ Եթե անցած տարի հանքահումքային արտադրանքի (պղնձի, մոլիբդենի, ոսկու) մասնաբաժինը արտահանման մեջ կազմում էր 32 տոկոս, ապա այս տարվա 5 ամիսների հաշվարկով այն գերազանցում է 38 տոկոսը։

Հանքարդյունաբերության ոլորտի համար շահեկան էր նաև դրամի 8-10 տոկոսով արժեզրկումը, քանի որ այս ոլորտում գործող ընկերություններն իրենց ծախսերը(աշխատավարձեր, վառելիք, տրանսպորտ և այլն) կատարում են հիմնականում դրամով։

Հարկ է նշել, որ հանքարդյունաբերության ոլորտի զարգացումը չի կարող նպաստել Հայաստանի տնտեսության մեջ որակական փոփոխություններին, քանի որ այս ոլորտի եկամուտները բաշխվում է մի խումբ անձանց միջև, իսկ տարվա կտրվածքով պետական բյուջե վճարվող հարկերը չեն գերազանցում 80 մլրդ ՀՀ դրամը։ Հանքարդյունաբերության ոլորտը ապահովում է Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 2-3 տոկոսը։

Միաժամանակ, հանքանյութի արտահանման արդյունքում Հայաստան հոսող դոլարը նպաստում է դրամի չհիմնավորված արժևորմանը, ինչը կարող է բացասական ազդել Հայաստանից արտահանվող մյուս ապրանքների(օրինակ՝ խմիչքներ, տեքստիլի և այլն) մրցունակության վրա, քանի որ մեր ապրանքներն դրսի շուկաներում կարող են դառնալավելի թանկ։ Տնտեսագիտության գրականության մեջ այդ իրավիճակը բնութագրվում է որպես տնտեսության «հոլանդական հիվանդություն», երբ մի ոլորտի առաջանցիկ աճը խնդիրներ է ստեղծում տնտեսության մյուս ոլորտների համար։

Իրավիճակը խիստ մտահոգիչ է մշակող արդյունաբերության դեպքում․ արդեն երկրորդ տարինն է, որ այս ոլորտում շարունակվում է անկումը, որն պայմանավորված է ծխախոտի ոլորտի արտադրության և արտահանման կրճատմամբ։ Նախորդ տարիներին ծխախոտի արտադրանքի մասնաբաժինն արտահանման մեջ կազմում էր 10 տոկոս, որը, ցավոք,  2020-2021 թվականների ընթացքում կտրուկ նվազել է։ Միայն 2020 թվականին սիգարետի արտահանումը նվազել է 15 տոկոսով։ Հիշեցնեմ նաև, որ մեր ծխախոտի արտահանման հիմնական շուկան հանդիսանում է Իրաքը և Միջին Արևելիք երկրները։

Կովիդ-19-ի և դրա տարատեսակ համավարակների տարածման պայմաններում սպասելի և ողջունելի է դեղագործության ոլորտի 7,8 տոկոսով աճը, ինչը կարևոր նշանակություն կարող է ունենալ Հայաստանի առողջապահական խնդիրների լուծման առումով։

Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ 2021 թվականը Հայաստանի տնտեսության համար վերականգման տարի է լինելու,դեռ որոշ ճյուղերում շարունակվում էանկումը։ Ներկայումս տնտեսական ակտիվության և արդյունաբերության աճը հիմնականում պայմանավորված է համաշխարհային շուկայում պղնձի, մոլիբդենի գների կտրուկ աճով. Դրական ցուցանիշները Հայաստանի տնտեսական քաղաքականության և պետական ծրագրերի արդյունք չեն և կարող են կտրուկ փոփոխվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել