Tert.am Life-ը գրում է.
Երգչուհի Լիլիթ Կարապետյանը ճամփորդել է մանկուց: Հասցրել է լինել Ռուսաստանում, Հունաստանում, Վրաստանում, եվրոպական մի շարք երկրներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Իսպանիաում և այլուր: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է առաջին ճամփորդության, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստացած առաջարկի, վերջերս Դուբայում և Եգիպտոսում լինելու մասին:
Ըստ Լիլիթի՝ առաջին անգամ ճամփորդել է ընտանիքի հետ: «Մինչև հայրիկիս մահն ամեն տարի գնում էինք Բաթումի, Սոչի: Առաջին անգամ միայնակ ճամփորդել եմ 5-րդ դասարանում: Դպրոցի բոլոր 5-րդ դասարանցիներով գնացինք Մոսկվա ինչ-որ հայտնի տիեզերագնացի հանդիպելու: Այնտեղ հարցրին, թե ո՞վ կարող է երգել, իսկ ես արդեն Ալավերդիի շրջանում իմ երգելով հայտնի էի: Բոլորն ինձ մատնանշեցին, երգեցի և տիեզերագնացն իր ստորագրությամբ լուսանկար նվիրեց»,- պատմեց նա:
Երգչուհու խոսքով՝ բազմաթիվ երկրներում է եղել, բայց առաջին անգամ տպավորվել է Հունաստան այցից: «Ալավերդիում շատ հույներ կային, որոնք տեղափոխվել էին Սալոնիկ: Ալավերդիի երեխաներով ճամբար գնացինք: Այնքան էի տպավորվել, որ ասում էի՝ աշխարհի ամենալավ տեղն է: Հետո գնացի Եվրոպա և այնքան էլ չհավանեցի: Կրկին տպավորվել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներով: Առաջին անգամ գնացի 2002 թվականին, իսկապես երազանքների երկիր էր: Հիմա Իսպանիայով եմ տարված, որովհետև գրեթե ամեն տարի գնում եմ: Շատ գեղեցիկ երկիր է, մարդիկ բարի են, ջերմ: Արդեն ընկերներ եմ ձեռք բերել այնտեղ»,- ասաց նա:
Լիլիթը նկատեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին կարող է երկար խոսել:
«Երկիր էր, որտեղ գումարի հետ կապված հնարավորություններ կային: Եթե խախտումներ չես անում, նպատակ ունես, երկիրը քեզ գումար է տալիս այն իրագործելու համար: Երբ առաջին անգամ գնացի, գործնական շատ առաջարկներ ստացա: Բրիթնի Սփիրսի նախկին պրոդյուսերի կողմից նույնպես առաջարկ ստացա: Նա գնում էր տարբեր համերգների, հավանում ինչ-որ մարդկանց ու պայմանագրեր առաջարկում: Ինձ առաջարկեց 10 տարով, բայց չհամաձայնեցի: 2 տարի էր, ինչ եղբայրս մահացել էր, կարող էի 10 տարի մայրիկիս չտեսնել, ստացվում էր, որ նրան մենակ էի թողնում: Այդ խնդիրը միայն իմն էր, որովհետև հայկական մենթալիտետի հետ էր կապված: Հիմա զղջում եմ, որ բաց թողեցի այդ ու շատ ուրիշ առաջարկներ»,- նշեց նա:
Լիլիթը պատմեց, որ վերջերս գնացել է Դուբայ Եգիպտոս: «Դուբայ գնացի մտերիմ ընկերներիցս մեկի՝ Վիգենի առաջարկով: Գնացինք ընկերներով, շատ լավ ժամանակ անցկացրինք, բայց մի փոքր խնդիր եղավ: Գնալուց առաջ ասել էի, որ երբ Հայաստան վերադառնամ, որդուս՝ Կարենի հետ Եգիպտոս եմ գնալու: Մարդիկ կային ասացին՝ հերիք չէ Դուբայ եմ գնում, վերադառնալուց հետո էլ Եգիպտոս պե՞տք է գնամ: Չեմ հավատում աչքին, բայց Դուբայում աչքիս տակ ինչ-որ բան եղավ, նման բան կյանքում հետս չէր եղել: 3-րդ օրվանից սկսած էլ նևրոզ ունեցա: Լավ զգալու համար ամեն պայման կար, բայց պարփակվեցի հյուրանոցում ու չկարողացա դուրս գալ: Վերադարձանք Հայաստան, ինքնաթիռից դուրս եկա ու ինձ լավ զգացի: Որոշեցի, որ այսուհետ նախապես չեմ կիսվելու իմ ուրախությամբ»,- ասաց Լիլիթը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: