Օրերս մի հանդիպման ժամանակ հերթական անգամ պատմել էի տարիներ առաջ տեղի ունեցած խոսակցության մասին, ինչը դարձավ հանրային քննարկման առարկա։ Հասկանալի է, որ հետպատերազմյան շոկային վիճակում ապրող մարդկանց համար յուրաքանչյուր նման փաստ նոր շոկ է, բայց ես նորություն չեմ ասել, բացահայտում չեմ արել։
Հիմա բազմաթիվ մարդիկ ինձ հարց են տալիս, թե ինչու ավելի վաղ չէիր ասում, որ մենք կանխեինք պատերազմը կամ հայկական տարածքների հանձնումը թշնամուն։
Հասարակություններն ընդհանրապես հանդիսատեսի բնավորություն ունեն։ Սիրում են դիտել գործողություններ, ծափահարել կամ քարկոծել դերակատարներին՝ այդ ամենը ընկալելով որպես բեմադրություն։ Պետություններն էլ քանդվում են հենց այդ սցենարներով։
2016-ի ապրիլյան պատերազմից անմիջապես հետո ամենուր աղաղակում էի, որ մենք մի քանի տարվա ընթացքում մեծ պատերազմի առաջ ենք կանգնելու, և մեզ պարտադրելու են բեմադրված գործողություններ՝ կապիտուլյացիայի համար։ Նախկին շատ գործընկերներս կփաստեն, թե ինչեր եմ ասել ապրիլյան պատերազմին հաջորդող և սպասվող գործողությունների մասին։
Իսկ ո՞վ էր ուշադրություն դարձնում։ Չէ՞ որ մարդիկ գերադասում են հավատալ նրան, ինչ իրենց ականջին հաճելի է։
2019-ից սկսած՝ 30-ից ավելի պաշտոնյաների ու գործիչների հետ եմ այս թեմայով խոսել, պատմել, թե ինչ է ծրագրվում Արցախի առումով։ Եթե որևէ պաշտոնյա իր մեջ ուժ կգտնի հայրենիքը և ճշմարտությունը վեր դասելու իր աթոռից, կհաստատի ասածս։ Վստահ եմ, որ հատուկենտ մարդ կլինի, քանի որ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է սիրում ասել՝ հայրենիքը պետք է զոհաբերվի անհատին։
2013-ից խոսում էի Քարվաճառի ջրհավաք ավազանի նկատմամբ ադրբեջանական նկրտումների մասին։ Բազմաթիվ անգամներ Դավիթ Բաբայանի հետ անդրադարձել ենք այդ խնդրին՝ նշելով, որ պետք է միջազգային իրավական նորմերով գոնե Ալ լճերի հատվածը ներառել ՀՀ կազմում։ Որևէ մեկը օգնության ձեռք մեկնե՞ց։ Լավագույն արձագանքը քմծիծաղն էր, թե ով մեզնից կխլի Քարվաճառը։
2020-ի հուլիսի 13-ին երբ գրում էի, որ ՀՀ Տավուշի մարզի վրա հարձակվելով՝ Ադրբեջանը նախավարժանք է անում Արցախի վրա հարձակվելու համար։ Ամենատարբեր տրամաչափի պաշտոնյաներ ու բազմաթիվ հայեր ինձ մեղադրեցին խուճապ տարածելու մեջ։ Քանի որ ձեզ ձեռնտու էր հավատալ նրան, ինչ հաճելի է, բայց ոչ երբեք իրականությանը։
Հիմա ձեզ պետք են մեղավորներ, որպեսզի արդարացնեք ձեր անգործությունը և թուլակամությունը։ Նույն մարդիկ, ովքեր 2019-ին չէին թաքցնում Արցախի հանձնման սցենարը, ավելի վաղ գրքեր էին գրում այդ մասին, երբևէ ձեզ նեղություն տվե՞լ եք լուրջ վերաբերվել, անհանգստանալ այդ վտանգներից։ Իհարկե, ոչ, քանի որ մարդիկ սիրում են հավատալ նրան, ինչը իրենց ականջին հաճելի է։
2018-2020 թվականների ընթացքում տասնյակ հրապարակումներ արեցի արբանյակների կարևորության մասին, նշեցի, որ առաջիկա պատերազմում այդ արբանյակը մեզ օդ ու ջրի պես պետք է։ Ձեռքներդ դրեք խղճներիդ ու ասացեք, քանի՞սը լուրջ վերաբերվեց դրան ու օգնության ձեռք մեկնեց, որ ստիպենք իշխանությանը՝ անել այդ քայլը։ Ոչ ոք։
Այսօր հեշտ է մեղադրել, քանի որ բոլորդ սրբեր ու դատավորներ եք, իսկ հանձնողը թաքուն է արե՞լ։ Հիմա հանրային հանդիսատեսը մեղավորներ ու արյուն է ուզում, որպեսզի ծափահարի ու քարկոծի՝ առանց հասկանալու, որ իր այդ անտարբերության ու հայրենիքի գաղափարի բացակայության պատճառով եղավ այս գործարքը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158411542833831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել