Այս թաղը բռնել է քաղաքի հարավ-արևելյան մասը: Ժամանակին հայերը դա անվանել են Քարահանքի թաղ։ Անունն ինքը ցույց է տալիս, որ այստեղ եղել է քաղաքի քարահանքը։ Ինչպես շատ թաղերի անունները, այնպես էլ Քարահանքի թաղի անունը պարսից տիրապետության օրոք՝ փոխվեց և կոչվեց «Դամըռ–Բուլաղ», որը բառացի նշանակում է «երկաթ-աղբյուր»։ Այդպես է կոչվել հատկայպես քաղաքի այդ մասում եղած աղբյուրի ջրերի՝ երկաթի բաղադրություն պարունակելու պատճառով։ Դամըռ-Բուլաղը հայտնի էր իր այգիներով։
Ի դեպ, Երևանը հին ժամանակներից շրջապատված է եղել բազմաթիվ այգիներով, որոնք առանձին խմբերով գլանվելով այս կամ այն թաղի մոտ՝ կոչվել են նույն թաղերի անուններով։ Ինչպես օրինակ Կոնդի, Դալմայի, Դամըռ-Բուլաղի այգիներ. Սարդարի բաղ և այլն։ Այգիների գոյությունը պայմանավորված էր բնական բարենպաստ պայմաններով՝ ջերմություն, հող և ջուր։