Tert.am Life-ը գրում է.
«Միսս ԱՊՀ 2017», մոդել Շուշան Երիցյանը տևական ժամանակ է, ինչ հեռուստատեսային նախագծերում հանդես չի գալիս: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է ներկայիս զբաղվածության, երկարաժամկետ հեռուստասերիալներում չնկարահանվելու պատճառի, եկամտի աղբյուրի և իր համարձակ լուսանկարների մասին:
Շուշանի խոսքով՝ դադարի մեջ չէ, ուղղակի նկարահանվում է տարին մեկ–երկու անգամ: «Երկարաժամկետ նախագծերում չեմ ուզում նկարահանվել: Այս պահին մի նախագծի առաջարկ ունեմ, բայց չգիտեմ՝ կհամաձայնե՞մ, թե՞ ոչ: Ամեն ինչ կախված է նկարահանման օրերի քանակից: Տարվա ընթացքում արտերկիր եմ մեկնում, ժամանակային առումով չեմ հասցնում երկարաժամկետ նախագծերում նկարահանվել: Նախընտրում եմ ժամանակս այլ բաների համար ծախսել: Կարիերայիս սկզբում օր ու գիշեր նկարահանվել եմ, գիտեմ, թե դա ինչ է: «Միսս ԱՊՀ 2017» դառնալուց հետո նկարահանումների հետ կապված վերաբերմունքս փոխել եմ: Հնարավոր է՝ գա մի օր, նկարահանվեմ, բայց այս պահին դիրքորոշումս սա է»,- ասաց նա:
Ըստ դերասանուհու՝ մի քանի տարի է, ինչ նոր մասնագիտություն է սովորում, բայց դա գաղտնի է պահում: «Հնարավոր է՝ մի քանի տարի հետո նոր բնագավառում այնքան կայացած զգամ, որ ցանկանամ մարդկանց հետ կիսվել այդ ամենով: Հիմա իմ ամբողջ ժամանակն ու ռեսուրսները սովորելուն եմ տրամադրում, հաճույք ստանում այդ գործընթացից: Նոր մասնագիտությունը դերասանական ոլորտի, մոդելինգի հետ կապ չունի: Սա իմ երրորդ մասնագիտությունն է, առաջինը միջազգայնագետ է, երկրորդը՝ մոդել, դերասանուհի»,- ասաց նա:
Շուշանը նշեց, որ 2020 թվականից հետո ինչպես բոլորի, այնպես էլ իր մոտ պասիվ շրջան է․ «Հիմա փորձում եմ նախկին կյանքս վերականգնել, ինձնից կախված չէ, աշխարհն է պայմաններ թելադրում: Առհասարակ, օրվա մի մասը նվիրում եմ ինքս ինձ, որովհետև ինձ շատ եմ սիրում: Ամեն ինչ անում եմ իմ ներքին զարգացման, արտաքին տեսքի համար: Ասում են՝ կարևոր է միայն ներքին գեղեցկությունը, բայց արտաքինը ևս շատ կարևոր է: Համաձայն եմ, որ առանց մեկը մյուսի չի լինի, ես չեմ մտածում, որ մարդ պետք է միայն արտաքինով զբաղվի: Ուղղակի, անկախ սեռից, մարդիկ պետք է հետևեն իրենց, կոկիկ ու խնամված լինեն»:
Դերասանուհին նկատեց, որ պասիվ նկարահանումներն իր ֆինանսական վիճակի վրա չեն ազդել: «Ինչպես ես, այնպես էլ նկարահանվող յուրաքանչյուր մարդ չի կարող իր կարիքները հոգալ միայն նկարահանվելով: Հայաստանում մեր բնագավառի մարդիկ չնչին գումար են վաստակում: Ես եկամտի աղբյուր ունեմ, որը փակ եմ պահում: Տարիների ընթացքում հասկացել եմ՝ որքան ամեն ինչ փակ պահես, այնքան լավ: Նախանձն ամենակործանիչ ու վատ էներգիան է, փորձում եմ հնարավորինս տեղի չտալ դրան: Նախկինում կարող էի կիսվել հաջողություններովս, հիմա ոչինչ ցույց չեմ տալիս»,- ընդգծեց Շուշանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: