ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ. ԶԱՔԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
սույն թվականի հուլիսի 10-ից վաղաժամկետ դադարեցնում եմ Մեղրի համայնքի ղեկավարի իմ լիազորությունները:
Ինչպես գիտեք «Հայաստան Դաշինքը» պատրաստվում է մուտք գործել ԱԺ, որի դեպքում ես անպայման օգտվելու եմ մանդատը վերցնելու իմ իրավունքից: Իմ սահմանված ժամկետից 2 շաբաթ շուտ հեռանալու նպատակը համայնքի հնարավորինս շուտ բնականոն կյանքին վերադառնալուն նպաստելն է: Հապաղման յուրաքանչյուր օրը կարող է բացասաբար անդրադառնալ համայնքի վրա:
Մեր թիմի ծավալած գործունեությունը, հուսով եմ, եղել է հնարավորինս արդյունավետ: Մենք արել ենք հնարավորն ու անհնարինը համայնքի ու նրա բնակչի բարեկեցության համար:
Հարգելի՛ մեղրեցիներ,
իմ քաղաքական տեսակետը որևէ կերպ չի կարող գերակայել համայնքի շահերին, և ես միշտ պատրաստ եմ սատարելու համայնքին, համայնքի աշխատակազմին և ղեկավարին համայնքի շահերից բխող բոլոր գործընթացներում:
Իմ շնորհակալությունն եմ հայտնում Մեղրի համայնքի ավագանուն, վարչական ղեկավարներին,ՀՈԱԿ-ների տնօրեններին, Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ողջ կոլեկտիվին ներդաշնակ և արդյունավետ աշխատանքի համար: Վստահեցնում եմ, որ իմ հետագա գործունեությամբ ևս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և Մեղրի համայնքին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել