Armsport.am-ը գրում է.

Վաղը` հուլիսի 8-ին կայանալիք Կոնֆերենցիաների գավաթի որակավորման առաջին փուլի «Նոա»-ԿուՊՍ խաղից առաջ կայացած ասուլիսին ֆիննական թիմի գլխավոր մարզիչ Սիմո Վալակարին պատասխանեց լրագրողների հարցերին:

-Արդյոք Ֆինլանդիայի հավաքականի՝ Եվրո-2020-ին մասնակցելը կարո՞ղ է վաղվա խաղում լրացուցիչ օգնող գործոն լինել Ձեր թիմի համար։

-Առաջին անգամն էր, որ մեր հավաքականը մասնակցում էր այդ մրցաշարի եզրափակիչ փուլին․ մեր ժողովուրդը շատ երջանիկ է, բայց  դա պատահականություն չէր․ մեր ֆեդերացիան երկար ժամանակ էր աշխատում, որ ֆիննական ֆուտբոլի վիճակը բարելավվի։ Դա շատ լավ աշխատանքի արդյունք էր։ Գիտեք, որ մեր ֆուտբոլիստները հանդես են գալիս եվրոպական լավ թիմերում։ Մեր ներքին առաջնության խաղացողները տեսնում են, որ այդ թիմերից էլ կարող են հասնել Ազգային հավաքական։

Եզրափակիչ փուլին մասնակցելը, իհարկե, մեծ մոտիվացիա է մեզ համար ու մենք ուզում ենք շարունակել ֆիննական ֆուտբոլի լավ տարին։

-Ի՞նչ կարծիք ունեք «Նոայի» մասին և որքանո՞վ էր դժվար պատրաստվել խաղին՝ հաշվի առնելով, որ թիմը նոր գլխավոր մարզիչ ունի ու նրա օրոք դեռ պաշտոնական խաղ չի անցկացրել։

-Բնականաբար, ուսումնասիրել ենք թիմին, գիտենք, որ նոր մարզիչ, նոր խաղացողներ ունի։ Ուսումնասիրել ենք մարզչի նախորդ թիմերի խաղերը՝ ինչպես էին նրանք խաղում։ Ուսումնասիրել ենք «Նոայի» նախորդ խաղերը։ Գիտենք, որ գնդակով լավ են աշխատում, կոմբինացիոն ֆուտբոլ են խաղում, հարձակվողական ոճի լավ խաղացողներ ունեն։ Գաղտնիքը չեմ բացի, բայց գիտենք նաև նրանց թույլ կողմերը։ Բայց վաղը մենք հանդիպելու ենք լավ թիմի։

-Ի՞նչ ընդհանուր տեղեկություններ ունեք հայկական ֆուտբոլի մասին․ մեր հավաքականները վերջին ընտրական փուլում նույն խմբում էին։

-Ուսումնասիրել ենք հայկական ֆուտբոլը, Ձեր հավաքականում կան լավ ֆուտբոլիստներ։ Հայաստանի ու Ֆինլանդիայի պես փոքր երկրների համար ավելի կարևոր է ավելի ուժեղ հավաքականների դեմ հաջող հանդես գալը։ Այս հավաքականը կրքոտ, տեխնիկապես հագեցված ֆուտբոլ է խաղում։ Հայկական ֆուտբոլը բարելավվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել