Pastinfo.am-ը գրում է.
Կորոնավիրուսը համառորեն դիրքերը չի զիջում, այդուհանդերձ, համավարակի դեմ պայքարը թույլ կտա 2021-ի ամռանը արտերկրում՝ ծովային հանգստի մեկնել՝ առանց պատվաստվելու, թեստավորվելու։ «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում «Սքայ Տուր» տուրիստական ընկերությունից հայտնեցին, որ մինչև հինգ երկիր հնարավոր է մեկնել ամառային արձակուրդներին։
«Չվերթներ կան դեպի Եգիպտոս, Կիպրոս, Էմիրատներ, Մոնտենեգրո։ Բոլորը ՊՇՌ թեստերով են ընդունում ՀՀ քաղաքացիներին»։
Դեպի Ալբանիա ուղղությունը պահանջվածներից մեկն է։ Այստեղ կարելի է մեկնել անգամ առանց ՊՇՌ թեստի։
Եվրոմիությունը ևս բացում է սահմանները։ Հունաստանի դեսպանատունը բաց կլինի հուլիսի 12-ից և ՀՀ քաղաքացիներն իրենց անձնագրերով կարող են արդեն Եվրոպա ևս մուտք գործել։
Օպերատորը տեղեկացրեց, որ օրինակ Կիպրոս մեկնել ցանկացողները այնքան շատ են, որ այս պահի դրությամբ տեղերը գրեթե բոլորն ամրագրված են։ Դեպի Կիպրոս տոմսեր կարելի է ամրագրել օգոստոսի համար։
«Կիպրոսը մի քանի անգամ չվերթներ է ավելացրել, Մոնտենեգրոն ևս չվերթներ է ավելացրել։ Մեծ պահանջարկ ունի նաեւ Եգիպտոսը։ Բոլոր ուղղություններն էլ պիկ են»։
Ըստ օպերատորի՝ գնային տարբերությունը նախորդ տարվա համեմատ նկատելի է՝ բարձրացումներ կան։
«Թրեվըլ ընդ քո» ընկերությունից էլ «Փաստինֆո»-ին տեղեկացրեցին,որ այստեղ էլ առաջարկվող ուղղությունները գրեթե նույնն են. Այս ընկերությունն առաջարկում է մեկնել նաև Մալդիվներ։
«Եգիպտոս, Դուբայ, Մալդիվներ, Ալբանիա, Մոնտենեգրո, Կիպրոս։ Այս ուղղությունները ընդունում են ՀՀ քաղաքացիներին։ Բացի Ալբանիայից մնացած ուղղություններով մեկնելու համար ՊՇՌ թեստավորում պետք է ունենալ։ Բավականին շատ են քաղաքացիները, ովքեր ցանկանում են մեկնել Կիպրոս, Եգիպտոս, բայց կարելի է ասել՝ բոլոր ուղղություններով դիմում են ու անգամ տեղեր չկան»,- նշեցին ընկերությունից՝ հաստատելով, որ նախորդ տարվա համեմատությամբ գների որոշակի աճ կա։