Մայիսի 13-ին իր սոցիալական ցանցի էջում Արցախի Հանրապետության ԱԱԾ պահեստազորի գնդապետ, ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Մարատ Բորիսի Ղարայանի կինը՝ Զառան, գրել էր.
«Տառապալի սպասումներից 8 ամիս անց մենք գտանք մեր հերոսին։ Իմ Մարատը, հայտնվելով թշնամու շրջափակման մեջ, սեփական նռնակով վերջ էր տվել իր կյանքին, գերության չի հանձնվել։ Այս ամբողջ ընթացքում սպասել եմ գերիների ցուցակներին, հույս եմ փայփայել մի օր գտնել նրան այդ ցուցակներում։ Ներիր ինձ, հարազատս, ինչպե՞ս կարող էի մտածել, որ դու նրանց մոտ կհայտնվես։ Դու կարող էիր լինել գերի, բայց ոչ թե թշնամու, այլ սեփական խղճի ու արժանապատվության»։
Թվում է՝ այսքանով ամեն ինչ ասված է, բայց Մարատի նման տղերքի, սպաների դեպքում ինչքան էլ ասվի՝ քիչ է։ Անորոշության այս ողջ ամիսների ընթացքում Մարատի ընկերներից, հարազատներից ոչ մեկը հույսի նշույլ անգամ չի ունեցել, որ Մարատը գերության մեջ կլինի։ Մարատին ճանաչողները գիտեին՝ դա հնարավոր բան չէ։ 2018-2020 թթ. աշխատելով ԼՂՀ ԱԱԾ-ին կից գործող գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահի օգնականի պաշտոնում, նա լավ գիտեր, թե ինչպես իրեն պահի գերության մեջ, ինչ ասի ու ինչպես։ Բայց ոչ... Նա պատերազմ էր գնացել հստակ գիտակցումով՝ գերի չի հանձնվելու։
Կռվել է Վարանդայում (Ֆիզուլիում), Կարգաբազար կոչվող տեղամասում։ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին վիրավորվել է ոտքից, կապ է տվել զինակիցներին, տեղեկացրել այդ մասին, ու շարունակելով անհավասար մարտը՝ մնացել է իրեն վստահված դիրքում՝ մինչև վերջին շունչը...
Որ Մարատն ինքն իրեն պայթեցրել է, մարտական ընկերները գրեթե վստահ էին՝ լսել էին տեղանքից հնչած պայթող նռնակի ձայնը, բայց Զառային խնայել էին... 8 ամիս հույսով սպասելն ավելի հեշտ է․․․ Միայն մարմինը գտնելու օրը պիտի պարզ դառնար, որ Մարատը նռնակով պայթեցրել է ինքն իրեն՝ իր հետ սպանելով թշնամական մի քանի զինվորի։
Զոհվելուց 8 ամիս անց ԴՆԹ հետազոտության նույնականացմամբ ԱՀ ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Մարատ Ղարայանի աճյունը հանձնվեց հարազատներին՝ վերջին հրաժեշտի հնարավորության «երջանկություն» պարգևելով նրա 4 զավակներին։ Հերոսին հողին են հանձնել Ստեփանակերտի «Եղբայրական պանթեոնում»՝ այն հողի գրկում, հանուն որի Մարատն ու նրա նման հազարավոր հայորդիներ չխնայեցին ոչինչ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել