Կա՞ արդյոք մեր մոլորակից դուրս գտնվող մի վայր, որը կարող է երկրորդ տուն դառնալ մարդկության համար։ Այսօր մարդիկ ակտիվորեն էկզոմոլորակներ են փնտրում, որտեղ հնարավոր կլինի ապագայում բնակություն հաստատել։ 

Հատկանշական է, որ Արեգակնային համակարգում գոյություն ունի իր տեսակի մեջ եզակի լուսին, որն ունի հարթ խիտ մթնոլորտ և հարուստ ռելիեֆ՝ լի գետերով և լճերով։ Խոսքը գնում է Սատուրնի բնական արբանյակ Տիտանի մասին։ 

Այս տիեզերական մարմինը շատ նման է Երկրին․ դրա մակերևույթին բազմաթիվ տարատեսակ ջրամբարներ կան։ Հեղուկի շրջապտույտն այստեղ կատարվում է նույն կերպ, ինչ Երկիր մոլորակի վրա։ Պարզապես այն բաղկացած է ոչ թե ջրից, այլ հեղուկ մեթանից։ Տեղացող անձրևները հենց այս  գազից են կազմված։ Թթվածին արբանյակի վրա, բնականաբար, չկա։ 

Ջերմաստիճանը ևս կյանքի համար բարենպաստ չէ, քանի որ կազմում է -180 աստիճան։ 

Հյուգենսի սարքավորումը, որը վայրէջք է կատարել տիեզերական մարմնի վրա և լուսանկարներ արել, կարծես մարդկության համար իրական ժամանակի մեքենա լինի։ Բանն այն է, որ Տիտանը չափազանց նման է Երկրին՝ տարբեր ժամանակահատվածներում դրա զարգացման փուլերի ընթացքում։ Մեր մոլորակը նախկինում՝ մինչ օրգանական կյանքի առաջացումը, նույն տեսքն է ունեցել։

Գիտնականները չեն բացառում, որ Սատուրնի արբանյակի ջրամբարներում այժմ կյանք է ձևավորվում։ Սակայն դրա ձևերը կարող են էականորեն տարբերվել մեր մոլորակի վրա գոյություն ունեցող կենսաձևերից։ 

Տիտանը մեծ մասամբ կազմված է ջրածնից։ Վերջինս մեր մոլորակի հիմնական վառելիքն է հանդիսանում։ Գաղտնիք չէ, որ Երկրի բնական ռեսուրսները վերացման եզրին են գտնվում, այդ իսկ պատճառով Տիտանի գաղութացումը բավականին գրավիչ է այսօր թվում։

Մեթանն ու էթանը, որոնց պաշարները ևս շատ մեծ են Տիտանի վրա, կարող են հրթիռային վառելիքի հիմք դառնալ։ Իսկ մեծ խտություն ունեցող մթնոլորտը կարող է արդյունավետ պայման հանդիսանալ քամու էլեկտրակայանների գործարկման և էլեկտրականություն ստանալու համար։

Տիտանը վայր է, որտեղ մարդկային քաղաքակրթությունը կարող է ոչ միայն գոյատևել, այլև հաջողությամբ զարգանալ։ Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ թթվածին հնարավոր է արհեստական եղանակով ևս ստեղծել։ Մեթանը, ամոնիակն ու ազոտը հրաշալի պարարտանյութ կդառնան հողերի համար, որտեղ հնարավոր կլինի բուսական սնունդ աճեցնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել