News.am-ը գրում է.
Համայնքների ղեկավարների, ավագանիների նկատմամբ բռնության դեպքերը բազմաթիվ են: Այս մասին այսօր` հունիսի 27-ին, լրագրողների հետ րույցում ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
«Օձունի գյուղապետի դեպքով տեղի էր ունեցել ոչ թե բռնություն, այլ խուլիգանական աստիճանի բռնություն մարզպետարանի շենքում․ մարդուն դուրս գալուց հետևից հարվածել են։ Ի դեպ այս գործով որևէ մեկը ձերբակալված չէ, բայց պրոֆեսոր Չարչյանի դեպքում 3 ժամվա մեջ ձերբակալման որոշում է կայացվում։ Մենք շատ հետևողական ենք լինելու այդ բոլոր դեպքերին, համայնքի ղեկավարներին, «Հայաստան» դաշինքի բոլոր թիմակիցներին մենք նաև ամեն կերպ օգտակար ենք լինելու պատշաճ իրավաբանական օգնություն ստանալու իմաստով և մինչև վերջ պայքարելու ենք ցանկացած ապօրինության դեմ, որ կատարվել է և կատարվում է»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Օձունի գյուղապետը ահազանգել էր, որ Լոռու մարզպետը նախ պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել, ապա բացասական պատասխան ստանալուց հետո ծեծի էր ենթարկել գյուղապետին հենց մարզպետարանի շենքում: Գյուղապետը հաղորդում է ներկայացրել ոստիկանությունը, գործն ուղարկվել է ՀՔԾ: