Aravot.am-ը գրում է.

Չնայած Հարավկովկասյան երկաթուղու կողմից գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար մշտապես ձեռնարկվող միջոցառումներին՝ երկաթուղայինները սկսել են ավելի հաճախ բախվել վարորդների կողմից գծանցներում երթևեկության կանոնների խախտումների հետ: Իսկ դա իր հերթին կարող է ՃՏՊ-ների պատճառ հանդիսանալ, որոնք իրական սպառնալիք են ներկայացնում ինչպես գնացքների, բեռների անվտանգության, այնպես էլ ուղևորների և ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքի և առողջության համար: Հունիսի 27-ին Արմավիրի մարզում տեղի ունեցավ հերթական միջադեպ: Ժամը 08:40-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36-րդ կմ-ին՝ Զարթոնք գյուղի մոտակայքում գտնվող գծանցումում, բախվել են Երևան-Գյումրի ուղևորատար էլեկտրագնացքը, որում կար մոտ 100 ուղևոր, և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:
Հարկ է նշել, որ երկաթուղային գծանցումը, որտեղ տեղի է ունեցել բախումը, հագեցած է ազդանշանային համակարգով` նախազգուշական լուսային և ձայնային ազդանշաններով, առնվազն 300 մետր հեռավորությունից հստակ տեսանելի ճանապարհային նշաններով: Բախումի հետևանքով ուշացել է 3 մարդատար գնացք: Վնասված են գծանցումի սարքավորումները, շարժակազմը, ճանապարհային նշանները: 2021-ի անցած ժամանակահատվածում երկաթուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով 9: Երկաթուղին ևս մեկ անգամ վարորդներին հորդորում է հատկապես զգույշ և զգոն լինել գծանցներ հատելիս, ընթացքը շարունակել միայն համոզվելով, որ գծանցն ազատ է և գնացքը չի մոտենում: Հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգ առնել՝ արգելակման ուղին կարող է 500 մետրից մինչև 1 կմ կազմել:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել