Նախորդ տարի համացանցում էր հայտնվել «Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուի 18-րդ եթերաշրջանը, որի տեսարաններից մեկն իրարանցում էր առաջացրել Քարդաշյանների երկրպագուների շրջանակներում: Քիմ Քարդաշյանը վիճել էր ավագ քրոջ՝ Քորթնիի հետ, ինչի հետևանքով քույրերը սկսել էին հարվածել միմյանց։
Երկու քույրերը վիճել էին Քորթնիի աշխատանքային էթիկայի հարցի շուրջ։ Ընտանիքի անդամները՝ հատկապես Քորթին և Քիմը, ցանկացել են, որ վեճը, որը վերածվել է ծեծկռտուքի, չհրապարակվի Keeping Up With the Kardashians իրապատում շոուի դրվագներում, սակայն այդ տհաճ միջադեպին E! հեռուստաալիքի ներկայացուցչի ներկայությունը հաշվի առնելով՝ որոշել են, որ այն կընդգրկվի։
Մինչ օրս այս տեսարանը, որը դեռ ակտիվ տարածվում է յութուբյան տարբեր հարթակներում, բավականին մեծ տհաճություն է պատճառում Քարդաշյանների ընտանիքի գրեթե բոլոր անդամներին։
Հաղորդավար Էնդի Քոհենի հետ E! հեռուստաընկերության համար նկարահանված հարցազրույցի ընթացքում վեճի ականատեսներից Քենդալ Ջենները նշել է, որ այդ տեսարանն առ այսօր իր մոտ բացասական զգացողություններ է առաջացնում և այդ տեսարանի մասին իր ընտանիքը երազում է մոռանալ։