varordneri boxoq-1Asparez.am-ը գրում է.

«Նախկին դատախազը տրիկոտաժի զապրավկի տերն էր, տեղափոխվեց Երեւան,  Չուլոշնու զապրավկինը նախկին ԱԺ պատգամավոր Ռոբերտ Զաքարյանն է, մեկն էլ Չուբարինն է: Ինչ-որ քյասիբ մարդկանց բան չեն դրանք: Գազի զապրավկի տերերն իրար հետ պայմանավորվել են, որ թանկ գնով գազ վաճառեն, եթե ըդպես չեղնիր, գոնե որոշներն ավելի էժան  կվաճառեին»,-այսօր «Ասպարեզ» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Գյումրու գազալցակայաններում գազի գնի թանկացման վերաբերյալ իրենց բողոքն արտահայտեցին անհատական տաքսու վարորդները:

4 վարորդները՝ Գեւորգ Հովհաննիսյանը, Կամո Սիմոնյանը, Գեւորգ Սարգսյանը եւ Մանուկ Սիմոնյանը նշեցին, որ եթե  Գյումրիում էլ, Երեւանի նման, 1 խմ գազի գինը 180 դրամ լինի, վարորդները կշահեն:

Գ.Հովհաննիսյանն էլ պարզաբանում է.«Ավտոգազալիցքավորման կայաններում գազի լիցքավորման համար կամայական գներ են սահմանում: Հայաստանում գազի գների թանկացումից հետո  1 խմ գազի լիցքավորման համար ամենամաքսիմալ գինը 180 դրամ է, որոշ տեղերում՝ 170, 175, նույնիսկ 160 դրամ: Երեւի գյումրեցիներս շատ հարուստ ենք, որ գազալցակայաններում գազի 1 խմ-ի գինը 200 դրամ են սահմանում: Որ կհարցնես, կսեն, չե՛ս ուզե, գնա բողոքի կամ զապրավկա մի էրա»: Տաքսու վարորդներն ասում են, թե իրենք ամեն օր չեն կարող հասնել մայրաքաղաք՝ գազալիցքավորման կայաններից օգտվելու համար: «Քանիմ հոգի է մնացել քաղաքում, էդ մի քանիսին էլ ուզում են փախցնել քաղաքից, էդ զապրավկեկն էլ կեղնին մետաղալոմ, կմնա վրեքը: Մեր քաղաքն անմարդաբնակ քաղաք է»,-ասում է Գ. Հովհաննիսյանը: Նա նշեց, որ մայրաքաղաքում եւ այլ վայրերում նաեւ գազի կալորիականությունն է մեծ, որակը լավն է, իսկ մեր քաղաքի գազալիցքավորման կայաններից բան չի հասկանում:

«Մեր մոտի գազից բան չեմ հասկնա, ստեղ կլցնես, ընտեղ կվերջանա: Ես չգիտեմ, թե ով ում հետ է համաձայնության  եկել, բայց Հայաստանում ամենաբարձր գինը 1 խմ-ի դիմաց 185 դրամն է: Հիմա էլ գազի թանկացման վիրուսը տարածվել է այլ մարզերում, վախենամ Հայաստանով մեկ տարածվի»,-ասաց վարորդներից մեկը:  Բողոքող տաքսու վարորդները նշեցին, որ եթե Հայաստանի բոլոր բնակավայրերում  1 խմ գազի գինը 200 դրամ լիներ, էլի հասկանալի կլիներ, բայց Գյումրին ամեն ինչով բացառիկ է: «Մեկ օրվա գազալիցքավորումը  600-700 դրամի, երբեմն 1000-1500 դրամի տարբերություն է տալիս, եթե գազը քաղաքից դուրս չենք լիցքավորում: Մենք մեր բողոքն ուղղում ենք բոլորին, էս երկրի տերն ո՞վ է, էս կամայականությունը պետք է սանձահարվի՞, թե՞ չէ»:

Վարորդների խոսքերով, քաղաքապետարանում եւս տեղյակ են ստեղծված իրավիճակից, չէ՞ որ ամեն օր գազալիցքավորման կայաններից են օգտվում, իսկ իրենք նաեւ տուժում են այն բանից, որ  հաճախորդը նոր ավտոմեքենա տեսնելով գերադասում է դա նստել, քան հին, մաշված որեւէ մեքենա: Ասուլիսին ներկա տաքսու վարորդներից մեկն, ով տարիքով ամենաերիտասարդն էր, նշեց, որ ինքը Գյումրու քաղաքապետարանի փողային նվագախմբում է նվագում, զուգահեռ տաքսի վարում, սակայն  աշխատած գումարը չի բավարարում ընտանիքի հոգսերը հոգալ: Վարորդներից մեկն էլ, թե.«ձմռանը շատ մարդ է խեղդվելու չուլ ու փալաս, կապրոն վառելու պատճառով, սակայն չպետք է պայքարի հույսը կորցնել, քանի որ այդպիսով արագ մահանում ես»:

Ապա  վարորդները հիշեցին Սերժ Սարգսյանին.«Արյունով եկած իշխանությունն արյունով էլ կգնա, մոռացե՞լ եք մարտի 1-ը»:

Նրանցից մեկն էլ ասաց, թե օրական 5000 դրամով պատրաստ է ցանկացած աշխատանք կատարել.«Բայց աշխատանք չեն տալիս ու երբ ուզեն կասեն՝ գնա ստեղից, գազալցակայանների տերերն էլ միանգամից  ուզում են միլլիարդատերեր դառնալ»:

«Կսեն «գեղ կանգնի, գերան կկոտրի», քանիմ հոգով եկել, գուզենք ինչ-որ արդյունքի հասնել: Տաքսիների գներն էին ուզում թանկացնել, առանց էն էլ պահեստամասերն էլ են թանկացել, հասկացան, որ չեն կարող, ժողովուրդը պատերի տակ է մնացել»,-իր բողոքն արտահայտեց տաքսու վարորդներից մեկը:

Նշենք, որ բողոքավորները Գյումրու գազալցակայաններում գազի գնի թանկացման պատճառները պարզելու համար չեն դիմել ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողով կամ որեւէ այլ կառույց:

Անահիտ Սիմոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել