1in.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցի շուրջ արդեն քանի օր է տարբեր մեկնաբանություններ են հնչում: Ոմանք կարծում են, թե այցը հաջողված էր, իսկ շատ վերլուծաբանների կարծիքով էլ՝ ձախողված: «Առաջին լրատվական»-ն այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեց վրացի փորձագետ Թոռնիկե Շարաշենիձեից:
«Ես կասեի՝ ոչ այս, ոչ էլ այն: Ադրբեջանը բավական խոշոր խաղացող է տարածաշրջանային առումով, և մեկ այցով չի որոշում իր արտաքին քաղաքական կողմնորոշումը: Այլ հարց է, թե եթե Ռուսաստանը իր հարևանների՝ Ուկրաինայի, նաև Բելառուսի վրա ճնշումներ գործադրի, դա կարող է հակագործունեություն առաջացնել մի շարք այլ պետություննեևի վրա՝ ներառյալ Ադրբեջանի: Ադրբեջանը տեսնում է՝ ինչպես է հիմա Ռուսաստանը վերաբերվում Ուկրաինային և Բելառուսին, և դա չի կարող հակազդեցություն չառաջացնել»:
Մեր այն հարցին, որ եթե այս այցից հետո և ընդհանրապես Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները շարունակեն զարգանալ, ապա ի՞նչ պետք է անեն Վրաստանն ու Հայաստանը, քաղաքագետը պատասխանեց․«Ես չեմ կարծում, որ Վրաստանի վրա վատ կանդրադառնա: Վրաստանը հիմա որդեգրել է այնպիսի քաղաքականություն, որ պետք է լավացնի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, միևնույն ժամանակ ինտեգրվի եվրոպական կազմակերպություններին. դա՝ մեկ: Հետո՝ ես չեմ կարծում, թե Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների լավացումն իրական է, որովհետև Ադրբեջանը գազի և նավթի եկամուտ է ստանում ամերիկյան ընկերություններից և մեկ օրում կամ գիշերում ռուսական ընկերություններից չի ստանա: Այդ իսկ պատճառով՝ ինչ էլ լինի, իմ կարծիքով, Ադրբեջանը չի փոխի իր արտաքին քաղաքական կողմնորոշումը:
Ի տարբերություն Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամագրվելու մասին Ադրբեջանը չի մտածում, բայց միաժամանակ տնտեսապես կախված է Արևմուտքից: Ադրբեջանը նաև մեծ քանակությամբ զենք է գնում Ռուսաստանից՝ այդպիսով մնալով նաև Ռուսաստանի գործընկերը, բալանսավորելով իր արտաքաին քաղաքականությունը»:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, Թոռնիկե Շարաշենիձեի կարծիքով, անկախ նրանից՝ ինչ հանդիպումներ և հարաբերություններ կծավալվեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, Հայաստանը պետք է իր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնի՝ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ լավ հարաբերություններ պահպանի: