Սույն թվականի հունիսի 15֊ին Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից ստորագրված այսպես կոչված «Շուշիի դեկլարացիայի» վերաբերյալ որոշ մանրամասներ, որոնք հայաստանյան նախընտրական թոհուբոհի մեջ կարծես թե ստվերվեցին:
Սույն դեկլարացիան փաստացի ամրագրեց Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության շարունակական խորացումն ու Ադրբեջանում թուրքական ազդեցության աճը։
Կողմերը համաձայնաության եկան խորացնել փոխգործակցությունը բոլոր ոլորտներում։
Առանձին ուշադրության է արժանի մասնավորապես դեկլարացիայում տեղ գտած ռազմական բաղադրիչը։
Ըստ համաձայնության, կողմերը սկսում են զինված ուժերի վերակառուցման և վերազինման գործընթաց։ Խոսքն, այս դեպքում, բնականաբար, վերաբերում է ավելի շատ Ադրբեջանի զինված ուժերին։
Դեռևս անցյալ տարի Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ երկրի բանակը պետք է վերակառուցվի թուրքական մոդելով, ինչն էլ արդեն փաստաթղթավորվեց հունիսի 15֊ին Շուշիում։
Այսինքն ադրբեջանական կողմը ռազմական կրթության ոլորտում միանշանակ նախապատվություն է տալիս թուրքական ռասմաուսումնական հաստատություններին։Այսպիսով հետագայում ադրբեջանական բանակի և այլ ուժային կառույցների սպայակազմի ճնշող մեծամասնությունը կրթություն է ստանալու հենց Թուրքիայում։
Այս պարագայում Թուրքիան մեծ ազդեցություն կունենա Ադրբեջանի ուժային կառույցներում։
Բացի դրանից կողմերը համաձայնության են եկել խորացնել համագործակցությունը սպառազինությունների մատակարարման և արտադրության ոլորտներում։ Սա փաստացի ամրագրում է այն փաստը, որ մոտ ապագայում Թուրքիան դառնալու է Ադրբեջանի համար զենքի և զինամթերքի հիմնական մատակարար՝ խաղից դուրս թողնելով Ռուսաստանն ու Իսրայելը։
Եվ ուշագրավն այն է, որ կողմերը պաշտոնապես համաձայնության են եկել օժանդակել միմյանց ռազմական սպառալիքի դեպքում։ Այս կետը նույնպես տեղ է գտել դեկլարացիայում։ Ինչը նույնպես կարևոր է, Ադրբեջանը և Թուրքիան սկսելու են համակարգված գործել նաև տեղեկատվական ոլորտում՝ օգտագործելով երկու կողմերի բոլոր հնարավորությունները, այդ թովում նաև տարբեր երկրներում բնակվող ադրբեջանական և թուրքական սփյուռքը։
Իհարկե նման փոխգործակցություն նախկինում նույնպես եղել է, սակայն Շուշիում ստորագրված փաստաթուղթը հավելյալ ազդակ է հանդիսանալու։
Առանձին կետով անդրադարձ է կատարվել նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», որը, ըստ կողմերի հայտարարության, պետք է անպայման գործի և վերջապես ցամաքային կապով իրար կապի մայրցամաքային Ադրբեջանը Նախիջևանի ինքնավար հանրապետության և Թուրքիայի հետ։
Վերոնշյալ փաստերը ևս մեկ անգամ թույլ են տալիս եզրակացնել, որ Ադրբեջանը անշեղորեն դառնում է Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության առանցքային խաղացող, և ԵԱՏՄ անդամ դառնալու բոլոր խոսակցությունները դառնում են առնվազն քիչ հավանական։
Այս պարագայում լուրջ հարված է ստանում Ռուսաստանը և տարածաշրջանում նրա ազդեցության թուլացումը դառնում է ժամանակի հարց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել