«Ստեղծագործական խմբ անդամներից մեկի վրա շուն հարձակվեց ու կծեց: Զավեշտալի դեպքեր շատ են լինում նկարահանումների ընթացքում»,- BlogNews.am կայքի հետ զրույցում պատմում է վիդեոբլոգեր, դերասան Գոգա Գալստյանը, ով կիսվում է «Կհանդիպենք անտառի տնակում» սերիալից նոր մանրամասներով, պատմում իր յութուբյան ռեալիթի-շոուի և «Էլենի օրագիրը» սերիալում իր դերը կիսատ թողնելու մասին:

Նշենք, որ շուտով եթերում կհայտնվի սցենարիստ Անի Մաղաքյանի նոր հեռուստասերիալը, որը կոչվում է «Կհանդիպենք անտառի տնակում»: 24 մասից բաղկացած հեռուստաֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերը Սերգեյ Հայրապետյանն է, իսկ գլխավոր դերերում հանդես են գալիս Բեն Ավետիսյանը, Իննա Խոջամիրյանը:

Գոգան, ով ավելի հայտնի է Բիձա մականվամբ, պատմում է իր դերի մասին ու կիսվում, թե ինչու ընդունեց սերիալում նկարհանվելու առաջարկը:

«Սցենարին ծանոթանալուց հետո միանգամից համաձայնվեցի: Այստեղ ես կլինեմ Անուշիկին սիրահարված տղա: Պատանեկական սեր է ներկայացվում, իմ կերպարը նոր պետք է գնա ծառայության ու ցանկանում է գրավել սիրելիի սիրտը: Կերպարը համեմված է հումորով:
Ստեղծագործական խումբը շատ պրոֆեսիոնալ է, 15 օր Քարինջում հիանալի ժամանակ ենք անցկացրել»,- պատմում է Գոգան ու հիշեցնում, որ նկարահանվել է նաև «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում, սակայն Թատերական ինստիտուտի հետ կապված խնդրի պատճառով դադարել է նկարահանվել:


Պատմելով այն մասին, որ նկարահանման ընթացքում ստեղծագործական խմբի անդամներից մեկին կծել է շունը՝ Գոգան նաև հիշում է, ինչպես Կարեն Ճաղարյանն ընկավ տանիքից.«Հիշում եմ, որ Կարենն ինձ էր «մեղադրում», որովհետև մինչ իր բարձրանալը ես էի օգտվել աստիճանից: Ասաց, որ իմ «կռռալու» հետևանքն էր»:

Գոգան նաև հայտնում է, որ իր յութուբյա ալիքով պատրաստվում է ներկայացնել ընտանեկան ռեալիթի-շոուի երկրորդ եթերաշրջանը: Բլոգերը հավատացնում է, որ այժմ համացանցի միջոցով այնքան գումար է վաստակում, որ համոզում է քույրիկներին ու ծնողներին դուրս գալ աշխատանքից ու միանալ իր ստեղծագործական թիմին:

«Հայրիկս չի ցանկանում նկարհանվել, որովհետև արդեն սկսել են իրեն ճանաչել, ինչն իրեն դուր չի գալիս: Անգամ կատակում է՝ ասելով, որ մի քանի ամիս պետք է աշխատանքի չգնա, մինչև  մարդիկ կմոռանան իրեն»,- ժպիտով պատմում է վիդեոբլոգերն ու հավելում, որ այժմ վիդեոբլոգինգն իր հիմնական աշխատանքն է:

Գոգան իր ռեալիթի-շոուի շրջանակներում յութուբյան հետևորդներին պատմում է իր գյուղում՝ Բաղրամյանում, իրեն խանգարող երևույթների մասին: Գոգան բողոքում է աքաղաղի առավոտյան ծուղրուղույից, 7 հոգով մեկ տանն ապրելուց, ընտանիքում իր գործի նկատմամբ անլուրջ վերաբերմունքից: 

Նյութը՝ Տաթևեր Լազարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել