Հարգելի ընթերցողներ, ես հասկանում եմ, որ այս հոդվածի վերնագրի վերջնամասը կարող է շատերի մոտ իսկական «շոկ» առաջացնել (երեք միլիոնից 500 հազարը թոշակառու են), ուստի, որպեսզի ապացուցեմ նրա ճշտությունը, Ձեզ եմ ներկայացնում «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցից մի դրվագ, և այսպես`
• Տիգրան Սարգսյան. – Ներկայացնեմ Ձեզ մեր բյուջեի ծախսային կառուցվածքը։ Շատ պարզ կառուցվածք է. եթե վերցնենք, 1 տրիլիոն ծախսային բյուջե ունենք, ահռելի մասը՝ դա 550 հազար թոշակառուների թոշակն ենք վճարում, սոցիալական նպաստները՝ 114 հազար ընտանիք, որ սոցիալապես անապահով է, դրանցից 100 հազարը ստանում են թոշակներ…
• «Ազատություն». – Մենք 550 հազար թոշակառո՞ւ ունենք, պարոն վարչապետ։
• Տիգրան Սարգսյան. – Այո։ Երեք միլիոն բնակչություն ունենք, 500 հազար էլ՝ թոշակառու։
Հարգելի ընթերցողներ, ինձ թվում է ավելի համոզիչ չէի կարող լինել, ինչևիցե, ունենք այն, ինչ ունենք: Եվ այսպես, ունենք կես միլիոն թոշակառու, որը կազմում է ընդհանուր բնակչության մոտ 20 տոկոսը: Երբ ես իմ հոդվածներում հաՃախ օգտագործում եմ «հարյուր հազարավոր մարդիկ կիսասոված վիճակում են գտնվում» այն կարդացող օպոնենտներից շատերը ակնարկում են`«շատ չե՞ս չափազանցնում»:
Հիմա հարցս ուղղում են նրանց` իմ օպոնենտներին` այս տվյալներից հետո կարելի՞ է հիմք ընդունել իմ ասածը, թե՞ ոչ: Չէ՞ որ կես միլիոն մարդ, միջինը ստանալով 35-50 հազար դրամ, չի կարող կիսասոված չլինել:
Այսօր մեր հասարակությունը ծերանում է, փաստորեն մեկ աշխատողին ընկնում է մեկ թոշակառու: Դա կարելի է բացատրել դեմոգրաֆիական ալիքներով, բացի դրանից քիչ դեր չի խաղում ծնելիության ցածր մակարդակը: Մարդիկ, ելնելով իրենց ծանր սոցիալական պայմաններից, ռիսկ չեն անում երեխաներ ունենալ: Եկել է այն պահը, երբ մենք պետք է հասկանանք, որ թոշակառուն այն կատեգորիան է, որը, հանգամանքներից ելնելով, նույնիսկ արտագաղթելու հնարավորություն չունի, հենց սրա մեջ է կայանում ամբողջ մղձավանջը: Եկել է այն պահը, երբ պետք է հասկանանք, որ չենք կարող անտարբեր լինել կես միլիոնից ավել մարդկանց ճակատագրերի նկատմամբ: Վիճակը բարդանում է նրանով, որ այս մարդիկ, ստանալով միզերային թոշակ, նորմալ չեն սնվում, ինչից էլ օր օրի վատթարանում է նրանց առողջությունը:
Այսօր մենք պետք է փաստենք, որ նրանց զգալի մասը սնվում է այնպես, ինչպես սնվում են պատերազմի տարիներին:
Հ.Գ. Մենք բավականին թանկ երկիր ենք, այն էլ ահավոր ցածր թոշակներով, մեզ մոտ սննդի գները համարյա չեն տարբերվում զարգացած երկրների գներից: Հարգելի ընթերցողներ, մենք շատ ենք լսել ու լսում հետևյալ արտահայտությունը` «ինչի՞, սա ո՞ր դարն է, որ մարդը սոված քնի»: Այո, սա ո՞ր դարն է, որ մարդ սոված քնի, բայց հավատացեք, Հայաստանի թոշակառուների մեծ մասը հենց այդպես էլ քնում է…