Պատմություն կանանց մասին, բայց տղամարդկանց համար: Շուտով «Շանթ» հեռուստաալիքի եթերում կմեկնարկի իր տեսակի մեջ բացառիկ նախագիծ, որը կպատմի հայ կանանց, նրանց խնդիրների և չբարձրաձայնված հարցերի մասին: Այս և այլ մանրամասների մասին BlogNews.am կայքի հետ զրույցում պատմում է նոր նախագծի՝ «Բեկորներ»-ի սցենարիստ Անի Մաղաքյանը:



Նշենք, որ նախագծում հանդես կգան Նելլի Խերանյանը, Աննա Էլբակյանը, Իննա Խոջամիրյանը, Իրինա Այվազյանը, Մուրադ Նադիրյանը, Միկա Ղափլանյանը, Վարուժան Մարգարյանը, Լիլիթ Սարգսյանը, Սուրեն Թումասյանը։ Անին նաև նշում է, որ հեռուստադիտողը կետսնի նախագծում  նոր դեմքերի, որոնք անպատճառ կսիրվեն ու կարդարացնեն իրենց: 

«Նախագծի մտահղացումը վաղուց կար: Ցանկանում էի ներկայացնել կանանց մասին պատմություն, որի միջոցով հնարավոր կլիներ ներկայացնել միջին տարիքի հայ կանանց կարգավիճակը Հայաստանում: Այն նպատակ ունի ցույց տալ մարդկանց, թե միջին տարիքում հայ կինը, հասարակության, կարծրատիպերի հետևանքով բախվելով որոշակի խնդիրների, ինչպես է դրանք հաղթահարում. գուցե, տղամարդը երբեք չի հանդիպում նման խնդիրների ու չի հասկանում, որ կինն անցնում է նման բաների միջով»,- պատմում է սցենարիստը: Նշենք, որ նախագիծն իր ասելիքով և ուղերձով առաջինն է Հայաստանում:

«Ամեն դեպքում այն յուրահատուկ նախագիծ է այս օրերի համար: Շատ ակտուալ թեմաներ ենք բարձրացնելու: Երեք հերոսուհիների միջոցով նաև հնարավորություն ենք ունենալու հետևել հետպատերազմյան Հայաստանում մարդկանց տրամադրությանն ու հոգեվիճակին»,- հավելում է նա:

Սցենարիստն ասում է, որ ռեժիսորի և պրոդյուսերի շնորհիվ դերրեը բաշխվել են հրաշալի կերպով:

«Հիմա խոսում ու չեմ հավատում, որովհետև շատ ուրախ եմ, որ համագործակցելու եմ նման տաղանդավոր դերասանների հետ: 
Սցենարի համաձայն` Նելլի Խերանյանը, Անի Պետրոսյանը և Աննա Էլբակյանը ընկերուհիներ են, և երեքն էլ կյանքում միաժամանակ բախվում են բարդ իրավիճակների հետ, որոնցից դուրս են գալիս միմյանց աջակցության ու օգնության միջոցով: Պատմությունը ծավալվում է նաև նրանց երեխաների շուրջ»,-պատմում է սցենարիստը:

Անի Մաղաքյանը նշում, է որ նախագծի գլխավոր ուղերձը կանանց՝ տղմարդկանց աշխարհում ճանապարհ հարթելու հնարավորության մասին է:
«Այն շատ կանացի պատմություն է տղամարդկանց համար: Իրականում մեր նպատակն է ներկայացնել այն, ինչի մասին ընդունված չէ բարձրաձայնել: Կբարձրաձայնենք այն, թե ինչի մասին է մտածում կարիերայում հաստատվել ցանկացող կինը, դավաճանված կինը և ոչ միայն:

Նախագիծը նպատակ չունի ոչ մի կերպ վարկաբեկել տղամարդկանց, խուսափել եմ սուր ֆեմինիստական գաղափարախոսություններից: Թեմային անդրադառնում ենք շատ նուրբ ու գրագետ ձևով»,-մանրամասնում է նա:

Անին հայտնում է, որ նկարահանումները սկսվել են օրեր առաջ, սիմվոլիկ ափսեն արդեն կոտրել են, և հույս ունեն, որ դժվարություններ ապագայում չեն առաջանա, որովհետև «Երկուսով» նախագծում բավականին շատ բարդություններ ունեցան ու մի շարք փորձություններ հաղթահարեցին: 

Սցենարիստը նաև նշում է, որ հայկական սերիալների գլխավոր խնդիրը վերաբերմունքն է արված գործի նկատմամբ. «Երբ թիմի վերաբերմունքը սերիալի նկատմամբ վատ է, լավ արտադրանք հնարավոր չէ ստանալ: Երբ մտածում են՝ դե սերիալ է արածներս, արդեն գործի որակն ընկնում է: Իսկ երբ թիմն աշխատում է համակցված, միմյանց ոգևորելով ու ցանկանում է լավ արդյունք ունենալ, արդեն ամեն բան ավելի լավ է ընթանում»:

 

Անի Մաղաքյանն իր խոսքը եզրափակում է՝ խոսելով, թե դժվար ժամանակներում ինչ է հարկավոր հեռուսադիոտղին.«Երկու բևեռ կա: Առաջին բևեռին անհրաժեշտ են թեթև նախագծեր, որոնք հնարավորություն կտան ցրվել այս ամենից, իսկ երկրորդին՝ լրիվ հակառակը, ինչը կօգնի ցավը բուժել ցավի միջոցով: Երկուսն էլ անհրաժեշտ են, ու հիմա հեռուստաեթերը պետք է լցնել ավելի բազմաժանր նախագծերով, որովհետև հեռուստադիոտղը, իսկապես, ունի դրա կարիքը»:

 Նյութը՝ Տաթևեր Լազարյանի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել