168.am-ը գրում է․

Արցախյան վերջին պատերազմը՝ իր ավարտով, մարդկային, տարածքային, բարոյահոգեբանական կորուստներով, հետևանքներով, ցավոք, հասարակության մի զգալի հատվածի կյանքում, ապրելակերպում, աշխարհայացքում, կյանքի նկատմամբ ընկալումներում, կյանքի փիլիսոփայության մեջ ոչինչ չփոխեց:

Ու շարունակում է չփոխել այսօրվա անկրակոց պատերազմական պայմաններում, երբ, ինչպես ակտիվ պատերազմում, մարդիկ են զոհվում, գերեվարվում, տարածքներ ենք կորցնում, երբ թշնամու «բանակը» մեր տարածքում է մոտ 20 օր, ու ամեն րոպե անկրակոց պատերազմը կարող է վերածվել ակտիվ ռազմական գործողությունների: Եվ այս զանգվածը վերջին օրերին անգամ չզգաց պատերազմում զոհված տղաների՝ մասունքների և մարմինների «հոտը»՝ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղում պարկերի մեջ, գետնին գցված:

Սոդոմգոմորյան անհոգությամբ ու կանոններով ապրող և «նոյերի» վերահաս կործանման մասին զգուշացումներն ու ապաշխարելու հորդորներն անարգող հասարակության այս հատվածի հավաքական կերպարը երկրի ղեկավարի աթոռն այսօր զբաղեցնող անձն է, իրեն առաջին տիկին պատկերացնող, բայց դասական իմաստով այս կարգավիճակից կիլոմետրերով հեռու այս անձի կողակիցը, ով հունիսի 1-ին երևանյան փողոցներով զբոսանքի էր դուրս եկել՝ երեխաների հետ, լայն ժպիտը դեմքին, թիկունքը թիկնապահներով «ամրացրած»:

Նման կերպ մարդն իրեն պահում է, երբ համարում է, որ ինքը ոչինչ չի կորցրել, ավելին, դեռ մի բան էլ շահել է:

Այո, Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, նրանց շրջապատը հայրենիք չեն կորցրել, բանակի զինվոր, սպա չեն կորցրել, և մեր հպարտության կորստի հաշվին իրենց հպարտությունն են ձեռք բերել՝ արյան գին ունեցող հպարտություն, պարզապես երկու դեպքում էլ վճարողն իրենք չեն եղել: Այլոց տղաների, ամուսինների, հայրերի անգին արյան դիմաց նրանք անգամ սեփական աթոռով չեն ուզում փոխհատուցել:

Հետաքրքիր է՝ «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը հիշո՞ւմ է, թե ինչպես էր 2013-ին այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականը պահանջում՝ Վերին Գետաշենի գերեզմանոցում ծառայակցի կողմից սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությանը: 

– Պարոն Օհանյան, ինչո՞ւ այսօր հրաժարական չտվեցիք, երբ իմացաք, որ զինվորի դագաղը Երևան-Սևան մայրուղու ասֆալտի վրա է:

– Բայց ո՞վ է ասել, որ պետք է հրաժարական տայի ես:

– Բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով շաբաթը մեկ զինվոր է մահանում:

– Այդպիսի բան չկա, դուք սխալվում եք:

– Չկա՞ այդպիսի բան, դուք հրաժարական տալու պատճառներ չե՞ք տեսնում:

– Իսկ ո՞վ է պահանջում… Իմ աշխատանքի գնահատականը կարող է տալ իմ ղեկավարը և ժողովուրդը:

– Այն, որ գալիս են, մայրուղու ասֆալտին դագաղ են դնում, դա գնահատական չե՞ք համարում:

– Ժողովուրդը պահանջե՞ց ինձնից հրաժարական տալ:

– Դա ինչ երևույթ է, երբևէ եղե՞լ է, որ դիակը բերեն:

– Կարո՞ղ եմ իմանալ՝ դուք ով եք:

– «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյան:

– Շնորհակալ եմ, ես պատասխանեցի:

– Երբևէ եղե՞լ է, որ դիակը բերեն կառավարության մոտ, դա ժողովրդի գնահատական չի՞, ձեր կարծիքով:

– Ժողովրդի գնահատական է երևույթի հանդեպ:

– Պարոն Օհանյան, շատ հաճախ ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով բանակում զոհվում են զինվորներ: Բարձրաստիճան պաշտոնյաների ծառայող երեխաներից որևէ մեկը չի զոհվում, ձեզ համար դա տարօրինակ չի՞:

– Ի՞նչը:

– Բանակում նրանց հետ դժբախտ պատահար չի լինում, ինքնասպան չեն լինում: Որևէ պաշտոնյայի որդու հետ, որը ծառայել է, նման բան չի եղել, ի՞նչն է պատճառը:

– Յուրաքանչյուր դեպքի ես չեմ կարող գնահատական տալ: Դեպքը լինում է՝ ըստ տեղի, ըստ իրավիճակի և ըստ զարգացման:

– Իսկ կարելի է ենթադրել, որ ղեկավարությունը կարողանում է ապահովել միայն այն զինվորների անվտանգությունը, ովքեր ունեն պաշտոնյա հայրիկներ:

– Իհարկե ոչ: Իմ երկու զավակներն էլ ծառայում են Լեռնային Դարաբաղի Հանրապետությունում…

– Նրանք ողջ և առողջ են, իսկ այս երիտասարդին մենք հենց նոր հողը դրեցինք:

– Նրանցից մեկն էլ, իմ ավագ որդին, մեկ տարի առաջ ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ ծանր վիրավորվել էր, բերեցին հոսպիտալում բուժեցին: Եթե հնարավոր լիներ իրեն էլ բուժելու, մենք, հավատացեք, ամեն ինչ կանեինք:

– Այս ընթացքում որևէ պաշտոնյա պատժվե՞լ է բանակում առկա ոչ կանոնակարգային հարաբերությունների համար:

– Շատ: Շատ:

– Բարձրաստիճան, նախարարի տեղակալ, շտաբի պետ…

– Շատ: Շատ:

– Անուն տվեք, մի հոգու անուն:

– Գլխավոր շտաբի պետի տեղակալներ են պատժվել, պատժվել են վարչության պետեր, պաշտոնից ազատվել են վարչության պետեր:

– Քրեական պատասխանատվության ենթարկվե՞լ է որևէ մեկը:

– Բայց ինչի՞ համար, քրեական պատասխանատվության ենթարկվում են հանցագործները միայն:

Արդյոք «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանն այս հարցերը տվե՞լ է, այս հրաժարականի պահանջն առաջադրե՞լ է երկրի կառավարման ղեկին նստած, պատերազմի ժամանակ գերագույն հրամանատար համարված Նիկոլ Փաշինյանին. պատերազմի արդյունքում ունենք մոտ 5000 զոհ, 10.000 վիրավոր, մի քանի հարյուր անհայտ կորած և գերի, ընդ որում, գերիներ ենք ունեցել նաև պատերազմից հետո ՀՀ տարածքում, կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, կորցրել և շարունակում ենք տարածքներ կորցնել ՀՀ-ից:

Արդյո՞ք «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը՝ ուղղակի կամ անուղղակի, հարցրել է երկրի կառավարման ղեկին նստած, պատերազմի ժամանակ գերագույն հրամանատար եղած անձին՝ ինչպե՞ս է հնարավոր, որ իր որդին՝ Աշոտ Փաշինյանը, պատերազմի օրերին եղել է ամենաշատ զոհեր տված վայրում, և նույն խրամաբջջի մեջ գտնվող որդու ընկերը ականանետի պայթյունից զոհվել է, իսկ Աշոտը նույնիսկ չի էլ վիրավորվել, մինչդեռ նույն Սեյրան Օհանյանի որդին վիրավորվել է պատերազմի օրերին:

Իհարկե, շատ լավ է, որ Աշոտ Փաշինյանը փրկվել է, որևէ մի երիտասարդի մահ չենք ցանկանում՝ անկախ նրանից, թե ովքեր են ծնողները, բայց հարց տալու իրավունք ունենք այնպես, ինչպես «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը՝ այն ժամանակվա պաշտպանության նախարարին:

Արդյո՞ք Աննա Հակոբյանը հարցրել է՝ ինչու պատերազմը չի դադարեցվել գոնե հոկտեմբերի 19-ին, երբ հնարավոր էր առնվազն 2000 զոհից խուսափել, կամ ինչպես է հնարավոր, որ ԱԽ անդամները չիմանան, որ ՌԴ նախագահը պատերազմի դադարեցման առաջարկ է արել, որը մերժվել է, ինչու են զոհված տղաների մարմիններն ու մասունքները թաքցվել դիահերձարաններում՝ պարկերի մեջ, գետնին գցված: Կամ ոնց է հնարավոր 20 օր ՀՀ պետական տարածքում թշնամու 1000-ի մոտ զինվորների ներկայությունը հանդուրժել, ինչպես է հնարավոր, որ սեփական տարածքում օտարի զինվորն ավելի լավ զգա իրեն, քան սեփական երկրի զինվորը, ինչպես է հնարավոր՝ սեփական հողում սեփական բանակի զինծառայողը գերեվարվի և մեկ շաբաթ հնարավոր չլինի վերադարձնել:

Ի դեպ, բանակում ոչ մարտական զոհերի առումով ևս Փաշինյանի իշխանությունը հետ չի մնում. 2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Զինված ուժերում գրանցվել է 13 մահվան դեպք (ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, սպաներ), որից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով (հիվանդություն, անձնական խնդիրներ), մնացած 5 դեպքերի առթիվ հարուցվել էին քրեական գործեր:

2021 թվականի միայն մայիս ամսին մահվան հինգ դեպք է գրանցվել.

1. Մայիսի 4-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ դիրքերից մեկում հերթափոխի ընթացքում ծառայակցի՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակած կրակոցից մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը (ծնվ. 2002թ.)։

2. Մայիսի 14-ին` ժամը 07։00-ի սահմաններում, հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ռոման Գրիշայի Բաղդասարյանի դին՝ կախված վիճակում:

3. Մայիսի 20-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի զրահափոխադրիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը։

4. Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում, որտեղ ներխուժել և հաստատվել են ադրբեջանցի զինծառայողները, թշնամու արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորումից զոհվել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ․ Խուրշուդյանը (1989թ․)։

5. Մայիսի 25-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, զորամասերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Կարենի Հովհաննիսյանը՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումով:

Այսինքն, 6 օրը մեկ մի դեպք ենք ունեցել, Աննա Հակոբյանին սա չի՞ հետաքրքրում:

Հարցերի այս շարքը կարելի է շարունակել՝ պատերազմի հետ կապված, թե դրանից հետո արձանագրված դեպքերի մասով:

Բայց «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը հարցեր պիտի տա նաև Առաջին տիկին, «Էրատո» ջոկատի հրամանատար Աննա Հակոբյանին՝ ի՞նչ կարգավիճակով և առաքելությամբ է պատերազմի օրերին եղել հրամանատարական կետում՝ բունկերում, ռազմական օպերացիաների հետ կապված քննարկումների ներկա եղել, հրահանգներ տվել, ռազմաճակատի ո՞ր հատվածներում է եղել «Էրատո» ջոկատը և մարտական ի՞նչ գործողությունների է մասնակցել, եթե թիկունքային աշխատանքներում է ներգրավված եղել, ապա որտե՞ղ և կոնկրետ ի՞նչ աշխատանքների մասին է խոսքը, և ինչպե՞ս է, որ ջոկատից ոչ ոք չի վիրավորվել:

Ի դեպ, որոշ հարցերի պետք է պատասխանեն նաև մեր որոշ գործընկերներ, իրավապաշտպաններ, որոնք ժամանակին հաշվում էին բանակում զոհերի թիվը և բարձր գոռում՝ խաղաղ պայմաններում զինվոր է զոհվել, հետո կառավարության, նախագահական նստավայրի և ՊՆ-ի դիմաց ցույցեր կազմակերպում:

Կամ՝ քննարկում, թե քանի զինվորի հուղարկավորության է հասցրել մասնակցել Պաշտպանության նախարարը, կամ ինչու բոլորին ներկա չի եղել, համապատասխան զորամասը ինչ մակարդակով է ներկայացել զինվորի հուղարկավորությանը:

Մինչդեռ ոչ մի անգամ չենք լսել, որ նույն լրագրողները հարցնեն, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում մինչ այսօր Եռաբլուրում տեղի ունեցող հուղարկավորություններին, ինչո՞ւ օրը մի քանի հուղարկավորություններից գոնե մեկին ներկա չի լինում՝ լուռ, առանց բեմադրությունների: Բանակում ոչ մարտական պայմաններում զոհված քանի՞ զինվորի հուղարկավորության է մասնակցել Նիկոլ Փաշինյանը և Սեյրան Օհանյանի օրինակով համբուրել ճակատը:

Այս համատեքստում չմոռանանք նաև Սերժ Սարգսյանին մերժած և Նիկոլ Փաշինյանի «թավշյա հեղափոխությանը» ամբողջ ներուժով աջակցած Դավիթ Սանասարյանին, ով 2014-ի նոյեմբերի 17-ին հացադուլ էր հայտարարել ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի առջև՝ պահանջելով ԵԱՀԿ Մինսկի խմբից գործուն քայլեր իրականացնել Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների բացահայտման և սպանված օդաչուների դիերի վերադարձման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ 2014-ի նոյեմբերի 12-ին ղարաբաղաադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցվել էր ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը, ինչի հետևանքով զոհվել էին ուղղաթիռի երեք օդաչուները՝ հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

Տասն օր հետո՝ նոյեմբերի 22-ին, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը իրականացրած հատուկ ռազմական գործողության արդյունքում կարողացել էր տարհանել հայկական ուղղաթիռի օդաչուների դիերն ու մասունքները, որից հետո Սանասարյանը դադարեցրել էր հացադուլը:

Պատերազմի արդյունքում, պատերազմից հետո գերիներ ունենք, մասնավորապես, մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ տարածքում թշնամին հայ 6 զինծառայողի է գերեվարել և մինչ օրս չի վերադարձրել: Ինչո՞ւ Դավիթ Սանասարյանը, օրինակ, որևէ գերատեսչության կամ դեսպանատան մոտ մեկօրյա ակցիա չի անում, հատկապես որ, հիմա շատ հիասթափված է «հեղափոխական» իշխանությունից: Այդ ինչպե՞ս է, որ նրան ավելի շատ հուզում է, թե ինչու է դատարանն արդարացնում Սերժ Սարգսյանի եղբորորդուն:

Բնավ չենք ասում, թե Սանասարյանին չի հուզում հայրենիքի կորուստը, զինվորի մահը, գերիների ճակատագիրը, ինչպես ֆեյսբուքյան իր մեկնաբանություններից հասկացանք՝ երբ անհրաժեշտ է լինում, առաջնագծում լինում է, պարզապես դեպքեր կան, որոնց վերաբերյալ կոնկրետ փաստերը և տարբերություններն ենք արձանագրում:

Իսկ փաստ է՝ նախկիններին ակտիվ հարց տվողներն այսօր կամ դարձել են պակաս հետաքրքրասեր, կամ քանի որ իրենք են հայտնվել պատասխանողի դերում, խուսափում են պատասխանել այն հարցերին, որոնք ժամանակին իրենք են տվել: Իսկ դրանք այսօր ավելի շատ են, սուր, ճակատագրական, քան նախկինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել