Civilnet.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետարանում հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին՝ առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ օգոստոսի 1-31-ը մայրաքաղաքում անցկացվող «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հայտարարված անվճար բուժօգնության ակցիայի ընթացքում համաբուժարաններ է դիմել 195 քաղաքացի, 5 արդեն ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության:
Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, ծրագրի շրջանակում կազմակերպվող մշակութային միջոցառումների հետ կապված` քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ միջոցառումների մեկնարկը տրվել է Կենդանաբանական այգուց: Առաջիկայում մշակութային հետաքրքիր ծրագրեր են նախատեսված Մանկական երկաթուղում, Ջրաշխարհում, Կարապի լճի հարակից տարածքում և մի շարք այլ վայրերում: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքի առավել մարդաշատ վայրերում բաժանվում են տեղակատվական թերթիկներ և թանգարաններ այցելելու հրավիրատոմսեր:
Օգոստոսի 16-ին «Երևանյան ամառ» միջոցառումների շարքում մայրաքաղաքում անցկացվելու է հեծանվային մարաթոն, ինչպես նաև հեծանվային որոշ կանգառների բացման և շահագործման հանդիսավոր արարողություն:
Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Էրեբունի-Երևան տոնակատարությունը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ: