Armenpress.am-ը գրում է.

Շրի Լանկայի ափերի մոտ այրվող նավը, որը բեռնված է քիմիական նյութերով, ջրասույզ է եղել և բնապահպանական աղետ առաջացրել Հնդկական օվկիանոսում: Այդ մասին հաղորդել է BBC News-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«X-Press Pearl» նավը, որը գրանցված է Սինգապուրում, մինչև մարելն այրվում էր գրեթե երկու շաբաթ: Վառելանյութի բաքերից հարյուրավոր տոննաներով նավթ է արտահոսել ծով՝ վնաս հասցնելով ծովի բուսական և կենդանական աշխարհին: Ձկնորսության նախարարությունը հայտարարել է, որ արտակարգ միջոցներ են ձեռնարկվել Նեգոմբո ծովալճակի և մերձակա շրջանների պաշտպանության համար:

Ձկնորսությունը դադարեցվել է Պանադուրայից մինչև Նեգոմբո: Վերջին օրերին Շրի Լանկայի եւ Հնդկաստանի ռազմածովային ուժերն աշխատել են միասին՝ փորձելով մարել հրդեհը և թույլ չտալ, որպեսզի նավը կործանվի և ջրասույզ լինի, բայց սաստիկ քամին խանգարում էր Կոլոմբո նավահանգստի մերձակայքում իրականացվող գործողությանը:

Շրի Լանկայի իշխանությունները կարծում են, որ հրդեհն առաջացել է ազոտաթթվի արտահոսի պատճառով, որի մասին անձնակազմն իմացել է մայիսի 11-ից: Նավը տեղափոխում էր 25 տոննա բարձր կոռոզիական թթու, որը կարող է օգտագործվել պարարտանյութերի և պայթուցիկ նյութերի արտադրության մեջ: Շրջակա միջավայրի պաշտպան դոկտոր Աջանթա Պերերան BBC News-ին հայտնել է, որ խորտակումը «վատագույն բնապահպանական սցենարն է»:

Ավելի վաղ, մայիսի 26-ին, Associated Press հրատարակությունը հաղորդել էր, որ քիմիական նյութերով բեռնված բեռնարկղանավն արդեն վեցերորդ օրն է՝ այրվում է ծովում, Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյի մերձակայքում: Թիմը և փրկարարները նախօրեին տարհանվել են այն բանից հետո, երբ այրվող նավի վրա տեղի ունեցել պայթյուն: Սինգապուրի դրոշի ներքո նավը հնդկական Խազիրա նավահանգստից դուրս էր եկել մայիսի 15-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել