Civilnet.am-ը գրում է.

«Երևանյան ամառ» ծրագրում ներառված առողջապահական մեկամսյա ակցիայի առաջին կեսի տվյալները օգոստոսի 15-ին ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Օգոստոսի 1-ից 31-ը անցկացվող ակցիայի շրջանակում անվճար բուժօգնություն է ապահովվում սիրտ-անոթային հիվանդությունների (հետազոտություն, մասնագիտական խորհրդատվություն), գինեկոլոգիական  (հետազոտություն, վիրահատություն) և վահանաձև գեղձի հիվանդությունների գծով։

«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին, այս էլ որերորդ անգամ է, արձագանքում են նաև Երևանի բազմաթիվ մասնավոր բուժհաստատություններ։ Ակցիայի շրջանակում հիվանդանոցներ ուղեգրված քաղաքացիների լրացուցիչ հետազոտությունները, բժշկի ցուցումով վիրահատություներն ու բժշկումը ևս կատարվում են անվճար»,- նշել է Կամսար Բաբինյանը։

Քաղաքապետի հանձնարարությամբ՝ ակցիայի հասցեականությունն ապահովելու համար քաղաքացիները հիվանդանոցներ են ուղեգրվում նախնական հետազոտությունների հիման վրա։ Այդ նպատակով ակցիային ներգրավվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր համաբուժարանները։

Օգոստոսի 1-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 1130 քաղաքացի. 356-ը ուղեգրվել է հիվանդանոցներ՝ լրացուցիչ հետազոտության։ 38 կին՝ գինեկոլոգիական խնդիրների ախտորոշմամբ ուղեգրվել է վիրահատության, 11-ն արդեն վիրահատվել է։ Վահանաձև գեղձի հետազոտությունների է ուղեգրվել 256 քաղաքացի, սիրտ-անոթային լրացուցիչ հետազոտությունների՝ 62։

Կամսար Բաբինյանն ընդգծել է, որ քաղաքապետարանն ամենօրյա հսկողություն է իրականացնում ակցիայի ընթացքի նկատմամբ:

«Հարկ է նշել, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորում է սոցիալական բնույթ կրող առողջապահական ակցիաների դերը, ինչի վկայությունն է նաև նման ակցիաների պարբերական անցկացումը: Մասնավորապես, թե’ նախորդ տարիներին և թե’ այս գարնանը քաղաքապետարանը՝ կանանց մեկամսյակի շրջանակում, կազմակերպել ու անցկացրել է «Ձեզ համար, կանայք» խորագրով ակցիան: Ի դեպ, եթե նշածս ակցիայի շրջանակում ներառված էին միայն կանայք, ապա ա՛յս ակցիայից կարող են օգտվել բոլորը»,- նշել է առողջապահության վարչության պետը։

Կամսար Բաբինյանը նաև ընդգծել է, որ բոլոր քաղաքացիները, ովքեր համաբուժարաններ կդիմեն մինչև օգոստոսի 31-ը, անպայման կստանան անճար բուժօգնություն, եթե անգամ հետազոտության կամ վիրահատության նշանակված ժամկետը անցնի ակցիայի սահմանված օրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել