Iravunk.com-ը գրում է.
Տարվա ընթացքում տնտեսական աճի կանխատեսումները վերանայվել են դեպի ներքև, 2020 թվականի համար կանխատեսվում էր, որ անկումը կլինի 7.9 տոկոս, փաստացի արձանագրվել է 7.6 տոկոս, խորհրդարանում «Բյուջե 2020»-ի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։
«Անվանական արտահայտությամբ ՀՆԱ-ն կազմել է շուրջ 6 տրիլիոն 184 մլրդ դրամ։ Միջին գնաճը կազմել է 1.2 տոկոս», - ներկայացրեց Ջանջուղազյանը։
Անդրադառնալով պետական պարտքին՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ 7 մլրդ 968 մլն ԱՄՆ դոլար է կազմել պետական պարտքի մակարդակը.
«Այս թվից 7 մլրդ 509 մլն ԱՄՆ դոլարը կառավարության պարտքն է, իսկ մնացածը՝ Կենտրոնական բանկինը։ Կառավարության պարտքում արտաքին պարտքի մասնաբաժինը կազմել է 5 մլրդ 593 մլն ԱՄՆ դոլար, ներքին պարտքը՝ 1 մլրդ 915 մլն ԱՄՆ դոլար»։