Անհնար է գերագնահատել տեսողության կարևորությունը: Տերևների գունափոխումը, արևածագի գրավիչ երանգները, գեղարվեստ և լուսանկարչություն, ծանոթ ու անծանոթ մարդկանց դեմքեր. այս ամենը մարդը ճանաչում է տեսողության շնորհիվ: Հայտնի է, որ շրջակա միջավայրի 80, երբեմն նաև 90 տոկոս տեղեկատվությունը մարդուն հաղորդվում է հենց աչքերի միջոցով: Եվ որքան վստահելի է աշխատում մեր տեսողական համակարգը, այնքան լիարժեք է մեր կյանքը:
Ցավոք, ժամանակակից ապրելակերպի պայմաններում տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց թիվն աճում է: Աչքերի բազմապիսի հիվանդություններն ու տեսողության խանգարումները շատ են, հատկապես հիմա, երբ շատերի աշխատանքը կապված է համակարգչի հետ, գրասենյակային աշխատանքով զբաղվողներն օրվա մեծ մասն անց են կացնում համակարգչի էկրանի դիմաց, աշխատում են փաստաթղթերով և նայում են մոտիկ դրված օբյեկտների: Պարզվում է՝ աչքերն ամենից շատ լարվում են՝ կենտրոնանալով մոտ դրված առարկաների վրա, ինչը հանգեցնում է հարմարեցման, այսինքն` աչքի մկանները հարմարվում են մոտ դրված առարկաների նկատմամբ տեսողական համակարգի կենտրոնացմանը: Արդյունքում հեռավոր առարկաներ տեսնելը դառնում է խնդիր, և ձևավորվում է կարճատեսություն: Տեսողության նման խանգարումը կարող է ձևավորվել ոչ միայն համակարգչի հետ աշխատող մարդկանց մոտ, այլև, օրինակ, ուսուցիչների և դասախոսների, ովքեր հաճախ են ստուգում գրավոր աշխատանքներ:
Բացի այդ` հենց համակարգչի հետ աշխատանքի արդյունքում է, որ...
- գերլարվում են աչքերը՝ կենտրոնանալով մանր սիմվոլների վրա,
- մարդը թարթում է ավելի հազվադեպ, քան սովորական պայմաններում, քանի որ համակարգչի հետ աշխատելիս աչքերը չորանում են,
- աթոռին երկարատև նստելը հանգեցնում է արյան շրջանառության վատացման, այդ թվում՝ տեսողական համակարգի արյան մատակարարման,
- աչքերը տուժում են լուսավոր էկրանին նայելիս, քանի որ բնությունը չի նախատեսել, որ մարդը երկար ժամանակ պիտի լուսավոր առարկաների նայի:
Աչքերի խնդիրները լուծելու բազմաթիվ միջոցներ կան, այդ թվում լազերային վիրաբուժությունը, ակնոցները, կոնտակտային լինզաները, ինչպես նաև բազմապիսի վարժությունների կոմպլեքսները:
Ահա մի քանի վարժություններ, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել աչքերի հոգնածությունն ու խուսափել հետագա խնդիրներից.
5, իսկ ավելի լավ է 10 րոպե տրամադրել աչքերի հանգստին, որը ենթադրում է ամբողջովին հրաժարում աշխատանքից:
Անցնում ենք գործի. տասն անգամ շրջանաձև շարժում արեք աչքերով առանց գլուխը շարժելու: Նայեք մաքսիմալ աջ, ապա մաքսիմալ ձախ, կրկին տասն անգամ: Մի քանի անգամ ամուր կկոցեք աչքերը, ապա արագ-արագ թարթեք աչքերը՝ զգալով, թե որքան դինամիկ են շարժվում կոպերը:

Ձեռքի ափերը կպցրեք իրար, դրեք աչքերին այնպես, որ ափերի կենտրոնը լինի աչքերի դիմաց: Մնացեք այդ դիրքով մի քանի րոպե: Այս պարզ վարժության շնորհիվ աչքերը հանգստանում են լույսից, բացի այդ լավանում է արյան շրջանառությունը:
Ընտրեք հեռվում դրված ցանկացած իր: Աշխատեք ժամանակ առ ժամանակ կենտրոնանալ դրա և մոտ դրված որևէ առարկայի վրա: Տասն անգամը բավարար է:
Նստակյաց աշխատանքի ժամանակ տեղի է ունենում ողնաշարի դեֆորմացիա, ինչը հանգեցնում է ողնուղեղի սեղման, ինչը բացասաբար է անդրադառնում տեսողական օրգանների աշխատանքի վրա: Ուստի մի մոռացեք ժամանակ առ ժամանակ վեր կենալ և շարժվել:
Խնայեք ձեր աչքերը, և դրանք երախտապարտ կլինեն ձեզ լավ տեսողությամբ և աշխարհի բոլոր երանգների գեղեցկությամբ:



