Style.news.am-ը գրում է.

Հայկական TikTok-ի «ռեք»-ում հաճախ կարելի է հանդիպել կարմրահեր ու բազում դաջվածքներով մի հայուհու, որը հակասական մեկնաբանությունների է արժանանում TikTok-ի հայ օգտատերերի կողմից: Ոմանք ողջունում են King Ruzie-ի (Ռուզաննա Բարսեղյան) համարձակ կերպարն ու սեփական նախասիրություններին խիզախորեն հետեւելու կարողությունը, ոմանք էլ՝ քննադատում հենց նույն սկզբունքների համար:

Ռուզաննան 23 տարեկան է, ունի 32 դաջվածք ու 42 հազար հետեւորդ TikTok-ում: NEWS.am STYLE «20 փաստ» խորագրում տիկտոկերը խոսել է իր ոճի, իր հասցեին հնչող կտրուկ մեկնաբանությունների, իր մասին տարածված բամբասանքների, ընտանիքի արձագանքի ու իր նպատակների մասին:

Ռուզաննա, ինչո՞ւ King Ruzie, այլ ոչ, օրինակ, Queen:

Սկզբում ներկայանում էի Ruzie Dolla Sign` իմ սիրած հիփ-հոփ արտիստի անունով, բայց երբ TikTok-ում հայտնիություն ձեռք բերեցի, դարձա King Ruzie, քանի որ բնավորությամբ շատ իշխող եմ, ես ինձ առաջնորդ եմ համարում: Շատերն են հարցնում՝ ինչո՞ւ ոչ Queen (թագուհի), այլ՝ King (թագավոր), պատասխանում եմ՝ որովհետեւ Queen-ից առավել եմ:

Երբվանի՞ց ես TikTok-ում. ինչո՞ւ որոշեցիր ունենալ էջ:

TikTok-իս էջն արդեն մեկ ու կես տարի է, ինչ ունեմ: Սա իմ երրորդ էջն է, թե չէ՝ ավելի շատ հետեւորդներ կունենայի: Նախորդ երկու էջերս TikTok-ն է ջնջել:

Ո՞ր տեսանյութից հետո հասկացար, որ լսարանդ մեծանում է:

Էջս ակտիվացավ, երբ ընկերուհիներիցս մեկի հետ (որի հետ այլեւս շփում չունեմ) որոշեցինք տեսանյութեր ներկայացնել՝ հիմնականում «քյառթու» բնույթի երգերի ներքո:

Երբվանի՞ց ես սկսել արտաքին փոփոխություններդ (դաջվածքներ, փիրսինգ եւ այլն):

Արտաքին փոփոխություններս սկսել եմ 20 տարեկանից: Փոքր ժամանակ հետաքրքրված չէի, բայց այդ տարիքում ինձ սկսեց դուր գալ դաջվածքներ ունենալու միտքը: Այդ շրջանում ապրում էի Անգլիայում, ու շատերն ասում էին՝ գնացել եմ այնտեղ, դրա համար եմ փոխել ոճս, բայց այդպես չէ: Եթե անգամ Հայաստանում լինեի, էլի կփոխեի ոճս, քանի որ ինձ շատ հոգեհարազատ է այս կերպարը:

Ո՞րն ես համարում քո ամենահամարձակ ոճային փոփոխությունը:

Կարծում եմ՝ իմ ամենահամարձակ ոճափոխությունը սկսվեց այն օրից, երբ ես մազերս կարմիր ներկեցի, դրան հաջորդեցին վառ դիմահարդարումը, փիրսինգները, դաջվածքները… Ինչ վերաբերում է բաց հագնվելուս՝ դա ոճափոխության արդյունք չէ, ես միշտ եմ այդպես հագնվել:

Կա՞ մի դաջվածք, որից դժգոհ ես ու փոշմանել ես այն անելու համար:

Երբ մարմնիս դաջեցի «ցուլը», այն շատ սեւ էր, ու մարդիկ ասում էին՝ սատանայի նշան է, դրանից մի պահ նեղվում էի, բայց հետո հասկացա, որ այդպես չէ, ու ինչ էլ անես, մի բան ասելու են, որից կարող ես բարդութավորվել: Պետք է կամքի ուժ ունենաս, որ չփոշմանես քո արածների համար:

Ի՞նչ բնույթի մեկնաբանություններն են քեզ ամենից շատ տխրեցնում:

Ամենատխրեցնողն այն մեկնաբանություններն են, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Այո, իմ տեսանյութերը, հնարավոր է, համարձակ են, որովհետեւ ես դրանք առաջնահերթ ինձ համար եմ նկարահանում, ոչ թե՝ դիտումների կամ like-երի: Բայց հաճախ աբսուրդի հասնող մեկնաբանություններ են գրում, օրինակ՝ «Ոնց որ տղա լինես» եւ այլն:

Ո՞ր մեկնաբանությունն է քեզ ուրախացրել:

Ուրախացնում է, երբ գրում են, որ իմ տեսանյութերը մոտիվացնում են, որ սովորում են լինել համարձակ եւ այլն:

Իսկ ինչպիսի՞ մեկնաբանություններն են բարկացնում:

Այն մեկնաբանությունները, որոնց մեջ կա հայհոյանք: Կարելի է մտքերն ավելի նորմալ ձեւով արտահայտել:

Քո մասին լսած ամենազավեշտալի բամբասանքը:

Կոնկրետ մեկը չէ՝ տարբեր բամբասանքներ են ինձ հասնում, բայց ամենից տհաճն այն փաստն է, որ ոչ թե ինձ անձամբ են դա ասում, այլ՝ մեկնաբանություններում, կամ՝ այլ անձի միջոցով:

Ի՞նչ հարաբերությունների մեջ եք տիկտոկեր Դանիելի (Daniel.Raven) հետ (Ռուզին ու Դանիելը հաճախ են համատեղ տեսանյութեր հրապարակում TikTok-ում, ինչի համար շատերը նրանց սիրավեպ են վերագրում. հեղ.)

Դե, մեզ մոտ այդպես է՝ երբ տեսնում են, որ որեւէ աղջիկ ու տղա համատեղ տեսանյութեր են ներկայացնում, սկսում են տարբեր ենթադրություններ անել՝ չմտածելով, որ նրանք կարող եմ, պարզապես, ընկերներ լինել: Ես եւ Դանիելն, ուղղակի, ընկերներ ենք:

Ինչպե՞ս են ընտանիքիդ անդամները վերաբերվում համարձակ կերպարիդ ու տեսանյութերիդ:

Երբեմն՝ բարկանում են, ասում՝ «Հերիք է տատու անես», իսկ ես պատասխանում եմ՝ որտեղ 32 դաջվածք, այնտեղ կարող է լինել նաեւ 40 (ծիծաղում է): Եթե անկեղծ՝ նրանք արդեն համակերպվել են, որ ես այսպիսին եմ: Ես ոչ մեկին վատություն չեմ անում, դեպի կործանում չեմ գնում, ընդամենը զբաղվում եմ այն ամենով, ինչն ինձ դուր է գալիս: Իսկ դաջվածքն իմ ամենասիրելի զբաղմունքն է, երբ բարկանում եմ, նոր դաջվածք եմ անում, ու դա ինձ հանգստացնում է:

Ի՞նչ են քեզ հաճախ ասում փողոցում տեսնելիս:

Հաճախ վախենում են բարձրաձայնել, վատ ռեպլիկներ են փսփսում, բայց լինում է, որ լավ բաներ են մոտենում ու ասում՝ անգամ տատիկներն ու պապիկները (ժպտում է):

Ինչպե՞ս են քեզ դիմում մտերիմ մարդիկ:

Հիմնականում՝ հենց Ռուզի:

Երբեւէ փոշմանե՞լ ես TikTok ունենալու ու ավելի հանրային մարդ դառնալու համար:

Չէ, չեմ փոշմանել: Ես ցանկանում էի դառնալ հանրային մարդ, բայց ոչ՝ համաշխարհային մակարդակով, այլ՝ որոշ չափով: Իրականում, այլ ծրագրեր ունեի: Երբ Անգլիայում էի բնակվում, նպատակ ունեի հենց այնտեղ հասնել ճանաչման, բայց այնպես ստացվեց, որ եկա Հայաաստան ու այստեղ որոշակի ճանաչման հասա: Չնայած՝ ի՞նչ իմանաս, միգուցե, մի օր էլ համաշխարհային մասշտաբով հայտնի դառնամ (ծիծաղում է)

Հայ տիկտոկերներից ո՞ւմ ես հետեւում:

Նախկինում շատերին էի հետեւում, բայց նախորդ էջերս ջնջվեցին ու հիմա ավելի քիչ մարդկանց եմ հետեւում: Իմ ամենասիրելի հայ տիկտոկերը Chuchi Shushi-ն է, կնշեմ նաեւ Man-Go-ին, Ella Moon-ին, իսկ ում անունը, որ չնշեցի, թող ինձ ներեն:

Իսկ ո՞ւմ հետ ես մտերիմ:

Տիկտոկերներից չունեմ մտերիմ մարդիկ: Առհասարակ, ես չեմ ուզում ունենալ մտերիմ մարդիկ. բոլորի հետ կարող եմ լավ հարաբերություններ ունենալ, եւ այդքանը: Կարծում եմ՝ այդպես ավելի հեշտ է շատ բաներ ծանր չտանելը…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել