Նվերը պետք է ուրախություն պատճառի: Սա, հավանաբար, դրա գլխավոր և անվիճելի առանձնահատկությունն է: Հետևաբար նվերի ընտրությունը պետք է լինի գիտակցված, չէ՞ որ յուրաքանչյուր նվեր արտացոլում է այն նվիրողի բնավորությունը: Անգամ ամենաաննշան, սակայն հատուկ իմաստով նվերը կարող է դառնալ ամենակարևորն ու հիշվել երկար:
Ահա մի քանի կանոն, որ պետք է իմանալ նվեր պատրաստելիս.
1. Ծննդյան տոներին պետք է այնպիսի նվերներ տալ, որոնցից օգտվելու է միայն հոբելյարը, այլ ոչ ողջ ընտանիքը:
2. Պետք չի նվիրել ձեր անձնական հավաքածուներից այնպիսի բան, որից դժվարությամբ եք հրաժարվում. նվեր հանձնելու պահը պետք է երկկողմանի հաճույք պատճառի:
3. Անհարմար է ընկերոջը փող նվիրել և ասել` «քեզ համար մի բան գնիր». եթե տվյալ մարդն իսկապես ձեզ համար թանկ է, ապա չարչարվեք և ինքներդ մի բան գնեք:
4. Պետք չի շատ թանկարժեք նվերներ անել. այդ քայլով դուք մարդուն անհարմար դրության մեջ եք դնում՝ անգիտակցաբար ստորացնելով նրան:

5. Նվերի փաթեթավորումը նույնպես շատ կարևոր է. մի մոռացեք գեղեցիկ թղթի և ժապավենների մասին:
6. Երբեք մի վերանվիրեք այն բաները, որ ձեզ են նվիրել. չէ՞ որ մարդիկ փորձել են հաճելի նվեր մատուցել, ոչինչ, որ չի ստացվել:
7. Կենդանի նվիրելիս պետք է նախապես դա համաձայնեցնել այն մարդկանց հետ, ում պատրաստվում եք դրանք նվիրել:

8. Նվերները չեն հանձնում միջանցքում (բացառությամբ ծաղիկների), դրանք հանձնում են սենյակում, առանց շտապելու, ջերմ խոսքեր ասելով:
9. Պետք չի զվարճալի նվերներ անել, եթե ռիսկ կա, որ ձեզ սխալ կհասկանան:

10. Նվերը միշտ պետք է անակնկալ լինի:
Ի՞նչ նվիրել
Ամենից հեշտը հարազատ մարդուն նվեր անելն է, չէ՞ որ ավելի լավ գիտենք, թե այս կամ այն մարդն ինչ կուզի կամ ինչի կարիք ունի: Ամեն դեպքում կենցաղային իրերից պետք է խուսափել, հատկապես ծննդյան օրերին: Նման նվերը տեղին կլինի միայն բնակարանամուտին:
Մոտ բարեկամներին կարելի է նվիրել ինչպես հագուստի պարագաներ, այնպես էլ կենցաղային իրեր: Նման դեպքերում թույլ է տրվում նվեր ընտրել այն մարդու հետ, ում պատրաստվում եք նվեր անել, օրինակ` ամուսինը կարող է նվեր ընտրել կնոջ հետ, մայրը՝ դստեր:
Կինը կարող է տղամարդ բարեկամին նվիրել ծխելու ցանկացած պարագա, գինի, փողկապ, շարֆ, սվիտեր, վերնաշապիկ: Հեռավոր բարեկամներին հարդարման պարագաներ նվիրել չի կարելի:

Մնացած բոլոր նվերները բաժանվում են երկու խմբի՝ հուշանվերներ (գրքեր, դրամապանակ, գրիչների հավաքածու և այլն) և արժեքավոր նվերներ (արվեստի պարագաներ, զարդեր): Դրանք ունիվերսալ են և հարմար են բոլոր առիթներին:
Եթե նվեր եք անում Նոր տարվա, Մարտի 8-ի կամ նման առիթներով, ապա նվերին ցանկալի է կցել տոնը խորհրդանշող որևէ բացիկ:
Մարդիկ հաճախ միմյանց գրքեր են նվիրում: Գրքի ընտրությանը պետք է շատ մանրակրկիտ մոտենալ՝ գոնե մոտավոր իմանալով, թե ինչ տիպի գիրքը կուրախացնի մարդուն: Եվս մեկ շատ կարևոր պահ՝ երբեք մի ստորագրեք գրքի վրա: Դա իրավունք ունի անել միայն հեղինակը: Ցանկացած այլ գրառում փչացնում է գիրքը: Գրքի մեջ կարելի է բացիկ դնել՝ բարեմաղթանքները գրելով դրա վրա:

Փոքրիկի ծնվելու կապակցությամբ նորաթուխ մայրիկները հայրիկից ակնկալում են ծաղկեփունջ: Իսկ մտերիմներն ու հարազատները նվիրում են սայլակ, տարատեսակ հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ:

Ոսկերչական պարագաներ ընտրելիս պետք է հաշվի առնել, որ դրանք կարելի է նվիրել միայն շատ մտերիմ մարդկանց: Կարևոր է, որ ընտրված զարդը մեծ կամ փոքր չլինի այն մարդուն, ում նվիրում եք դա:

Վերջում հիշեք, որ նվեր հանձնելը ոչ թե պարտքի կատարում է, այլ ուշադրության և հարգանքի նշան:




