Բռունցքդ տուր կրծքիդ: Ցավ զգու՞մ ես: Բա ինչու՞ ես էսքան հուսահատ: Ինչու՞ ես էս աստիճան թևաթափ եղել: Հոգիդ վաղուց է ցավում, չէ՞: Կասես՝ էն էլ ո՜նց, էլ դիմանալու չէ, գժվելու՜ բան է: Գիտեմ. էնքան, որ սկսել ես ատել քեզ ու սիրել էդ ցավը: Իմն էլ՝ մեր հոգին մեկն է: Մարմինդ էլ ցավա՞ց: Ուրախացի՛ր: Ցնծա՛: Ուրեմն դեռ ողջ ես: Դեռ ապրում ես: Աստծո կամքով դեռ կաս: Ուրեմն... դեռ կարող ես հաջողել, դեռ կարող ես հաղթել:
Պինդ բռնվի էդ անդուր ու մաշող ցավից: Չթողնես հանկարծ էդ ցավը կորի: Հենց կորավ իմացի՝ ամեն ինչ է կորած, պրծած է: Փորփրի՛: Ամեն մի լավ բանի արմատը էդ մեծ ցավը չէ՞: Հլը հե՛տ նայի: Առանց էդ մեծ ցավի հաջողությունը բանի պե՞տք է: Հաղթանակի գինը ո՞րն է: Ցավի կշիռը չէ՞: Իմ: Քո: Հազարների: Եռաբլուրի՜...
Կասես ցավը՝ ցավ, բա հողից ու՞ր փախնեմ: Տնքում է ոտքերիս տակ. ինձ՝ ինքդ քեզ, անարժան գտնվեցիր, հա՛յ: Չէ՜: Չհանձնվե՜ս: Հողը քո դարդն է: Հողը դու ես: Քեզ պարտված չի ուզում իր գիրկն առնել. պարտված լեշը իրեն պարարտանյութ չի տա: Չես մտածե՞լ: Նա իր տնքոցից քո վաղվա կյանքի սերմն է հունձում: Որ քեզ, քո վաղվա հաղթանակը տանի խառնի Մոնթեի, Արամ Մանուկյանի, Նարեկացու ու Մաշտոցի հաղթանակներին: Որ քո տեսակը մնա: Որ ցավը զգացող քո տեսակը մոլախոտն էլի չծածկի: Որ վերջնականապես չայլասերվես: Որ էլի հաջողես: Որ ինքդ քեզ ճանաչես: Քո կամքը չափես: Որ քո երազանքին տեր կանգնես: Թևեր տաս:
Կողք ու բոլորդ նայի: Ավելո՜րդ է: Անիմա՜ստ է: Բա եղա՞վ: Հլը երեխուդ ու թոռանդ աչքով նայի: Իրենք չէի՞ն քո ճիշտ կշռաքարը: Կամաչես, չէ՞: Որովհետև մարդ իր երեխային չի խաբում: Կամքդ, կոչումդ, երազանքդ, Հայրենիքդ, տեսակդ...
Վե՛ր կաց: Չհանչնվե՛ս: Սեղմի՛ր ատամներդ ու պինդ բռնվի էսօրվա ցավից: Ու քայլիր քո բարակ ճամփով: Ցավը հայելի արա՝ կամքդ ու երազանքդ նորոգի: Քո: Ինքդ քո: Թեկուզ մենակ քո: Չթողնես հանկարծ էդ ցավդ էլ գողանան: Ո՞նց կփայփայեիր քամիների ու մթության մեջ վառվող միակ մոմի լույսը: Էդ մոմը էսօր քո կամքն է: Քո չհանձնվելը: Իրար ծանոթ ու անծանոթ էդ մոմի լույսերը մի պահի իրա՜ր են գրկելու: Որ մի մեծ արև դառնան ու ցրեն էսօրվա մութը, այրեն էս լեղին ու անհամությունը, թաղեն էս դավաճանությունը: Որ Էդ մեծ գրկախառնությունից ծնվի վաղվա լույսը, բացվի առավոտը, արթնանա Հայաստանը, հառնի քո ժողովուրդը:
Որքան անտանելի ու մեծ է ցավը՝ էդքան լավն ու առողջ է ծնվող պտուղը: Մայրերին հարցրա: Էս մեծ ցավից է ծնվելու վաղվա պտուղը՝ իմ Հայաստանը, քո Հայաստանը, մեր Հայաստանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել