Տրաֆալգարյան ճակատամարտը` հենց Տրաֆալգար հրվանդանի ափին, Եվրոպայի պատմության ամենահայտնի մարտերից մեկն է. Նապոլեոնի եւ նրա իսպանացի դաշնակիցների նավատորմը ջախջախվել էր Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի կողմից 1805 թվականին: Սակայն վերջերս պարզվել է, որ այդ վայրը եղել է մեկ այլ՝ ավելի հին պատմության մեջ: Տրաֆալգարյան հրվանդանի ավազաթմբերը մերկացրել են Իսպանիայում հռոմեական բաղնիքների տեղակայման վայրը, որոնք անթերի պահպանված վիճակում էին, հայտնում է Planet-today-ը:
Այդ տարածքում պեղումներ կատարող Կադիսի համալսարանի հնէաբանները փնտրում էին հրվանդանի եւ ծովախորշերի վայրերը, ինչպիսին է Տրաֆալգար հրվանդանը, որտեղ հռոմեական ժամանակաշրջանում մեծ մասշտաբով ձկնամթերք էին արտադրում, եւ հայտնաբերել են հռոմեական բաղնիքները:
Այս անսպասելի հայտնագործությունը զարմացրել է ոչ միայն հետազոտողներին, այլ նաեւ տեղացիներին, ովքեր ամեն օր հատում էին այդ ավազաթմբերը եւ չէին էլ պատկերացնում, որ դրանց տակ 2000 տարեկան հռոմեական բաղնիք կա:
Նշվում է, որ հին հռոմեական լոգանքների պահպանվածությունը նույնպես զարմանալիորեն բարձր է, հավանաբար՝ ավազաբլուրների շնորհիվ: Պատերը, դռներն ու պատուհանները պահպանվել են գերազանց վիճակում: Կառույցն ունի 4 մետր բարձրություն եւ շարունակում է ցուցադրել իր նրբինությունը՝ որպես բաղնիքային համալիր, որը սնուցվում է վառարանի նման մեխանիզմով, որը տաք օդի հոսանքներին ստիպում էր տաքացնել պատերն ու հատակը:
Իսպանական հռոմեացիների նախորդ հայտնագործությունները շատ ավելի վատ պայմաններում գտնվելու միտում են դրսեւորել, եւ դա հատկապես արդարացի է Իսպանիայում ավելի վաղ հայտնաբերված հռոմեական բաղնիքների առումով, որոնք հայտնի են նրանով, որ չափազանց խղճուկ վիճակում են գտնվում։ Այսպես, բոլորովին վերջերս, 2020թ., մեր թվականության առաջին դարով թվագրված հռոմեական բաղնիքներ են գտնվել Տոլեդոյում, բայց դրանք անհամեմատ ավելի վատ պայմաններում էին։ Միեւնույն ժամանակ, նշվում է, որ ինչպես եւ Թրաֆալգարում հայտնաբերված բաղնիքները, դրանք նույնպես հանրային նշանակություն են ունեցել եւ գործել են որպես հանրային նշանակության օբյեկտներ, այլ ոչ թե բաղնիքներ էլիտայի համար։
Վերջերս հայտնաբերված հռոմեական բաղնիքները, գիտնականների կարծիքով, նախատեսվել են ծովափին ծանր աշխատանք (օրինակ՝ ձկնորսություն եւ ձկան աղադրում) կատարող բանվորների համար։ Արժե նշել, որ հռոմեական բաղնիքները հռոմեական մշակույթի ամենաբնորոշ գիծն էին։
Փաստորեն, որոշ գնահատականներով, համաձայն հռոմեական կատալոգների գրանցումների, մեր թվականության IV դարում հանրային հռոմեական բաղնիքների (թերմերի) թվաքանակը մոտ 856 էր։ Դրանք անվանվում էին թերմեր կամ բալնեաներ։ Լողանալը ոչ միայն էլիտայի, այլեւ հռոմեական լայն հասարակության արտոնությունն էր։ Բաղնիքները պարզապես հիգիենայի լավ մակարդակը պահելու համար չէին, այլեւ ժողովների, քաղաքականության քննարկումների եւ զվարճանքի կամ ընթերցանության կենտրոններ էին, որտեղ միավորված էին բազմաթիվ հավելյալ զբաղմունքներ։